Մատչելիության հղումներ

Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը գրավով ազատ կարձակվի


Արխիվային լուսանկար դատարանի դահլիճից
Արխիվային լուսանկար դատարանի դահլիճից

Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարեց փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառեց գրավ։

50-ամյա Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։

Դատախազ Նարեկ Մովսիսյանը դեմ էր Ասլանյանին թեկուզ ստորագրությամբ ազատ արձակելուն։ Ասաց՝ դեռ պետք է հարցաքննվեն երկու հոգի՝ մեկ վկա, մեկ տուժող, և որ նրանց վրա ամբաստանյալն ազատության մեջ կարող է ազդեցություն գործել։ Վկան Վանաձորն այժմ փաստացի ղեկավարող, նախկինում Մամիկոն Ասլանյանի տեղակալ Արկադի Փելեշյանն է, տուժողն էլ՝ Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչը։

«Ստացվում է մի իրավիճակ, որ ամբողջությամբ վկաներին չհարցաքննված պայմաններում դատարանը պետք է որոշում կայացնի՝ արդյոք նվազ է կամ վերացվել է վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը, ռիսկը, այն պայմաններում, երբ վկաները հարցաքննված չեն», - նշեց դատախազը։

Մինչդեռ թե՛ Ասանյանը, թե՛ նրա պաշտպանը վստահեցրին՝ եթե մինչև հիմա չի եղել գեթ մեկ օրինակ, երբ Ասլանյանը ազդել է գործով անցնող անձանց վրա, ապա հետագայում էլ չի լինի, ի՞նչ պետք է անի ազատության մեջ Ասլանյանը, ինչպե՞ս պետք է ազդի Արկադի Փելեշյանի կամ նրա ենթակայի վրա։

«Որևէ կերպ նախ տուժողի ներկայացուցչի կամ Փելեշյանի հետ կապված որևէ ազդեցության նույնիսկ ոչ կարիք կա, մանավանդ որ քրեական գործի քննության կամ դատական քննության ընթացքում երբևէ այս մարդիկ ներկայացված չեն եղել, դատակոչված չեն եղել, որևէ մեկի մտքով որևէ կասկած չկա, որ դատավարության կողմերի էլ, որ ես կամ իմ կողմից լիազորված կամ հավանության արժանացած որևէ մեկը կարող էր ազդել», - ասաց նա։

Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հենց այսօրվա նիստին պետք է գար հարցաքննության, բայց նամակ էր ուղարկել, թե զբաղված է և խնդրում է հաշվի առնել իր նախաքննական ցուցմունքները, իսկ Վանաձորի համայքանապետարանի աշխատակից Ռուդիկ Վարոսյանն էլ այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե Վանաձորի նախկին քաղաքապետին վերագրվող հանցագործությունից համայնքը ինչ վնասներ է կրել, կամ եթե քաղաքացուն պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է, դա ի՞նչ ազդեցություն է թողել համայքնի շահերի վրա։

Արկադի Փելեշյանը դատավարության հենվ սկզբից որպես վկա ներգրվված չի եղել։ Դեռ ամիսներ առաջ դատավորն է ցանկացել հարցաքննել Փելեշյանին, որը 4 տարի Մամիկոն Ասլանյանի տեղակալն է եղել, իսկ նախկին քաղաքապետի կալանավորումից հետո փաստացի զբաղեցրել նրա տեղը։

Մինչև դատական նիստը կսկսեր, Ասլանյանն «Ազատության»-ն ասաց՝ Փելեշյանն իր դեմ ցուցմունք չի տվել, փաստաբանն էլ հավելեց. - «Մամիկոն Ասլանյանին արդարացնող, մեղադրական եզրակացությունում չներառված վկաներից»։

Այսօր էլ Ասլանյանը պնդեց՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում. - «Իհարկե, ամբողջ երևույթը փաստ է։ Բնականաբար, կալանքի և հարակից այլ իրավական պրոցեսներ, որը քրեական դատավարության հետ չի միայն առնչվում, նաև վարչական իրավահարաբերությունների, վարչական դատարանով ավագանու նիստերի վրա կալանք դնելու 2 տարի, 7 ամիս։ Կարծում եմ՝ իմ անձն այդքան կարևոր չէ, որ քաղաքն անընդհատ դնել հարվածի տակ, որովհետև ես ինքս դրա համար չեմ պայքարում»։

Ասլանյանը նկատի ունի վարչական դատարանի արգելքը, որով համայնքին արգելվել էր որոշ հարցեր պարզելու ընթացքում ավագանու նիստ անել և քաղաքապետ ընտրել։ Այդ արգելքը դեռ գործում է, քանի որ ներկայիս պաշտոնակատարի քաղաքական ուժն է բողոքարկել վերադաս ատյան։

XS
SM
MD
LG