Լիբանանի հայերը մինչ այս պահը կարողացել են պաշտպանվել Իսրայելի օդային ռմբակոծություններից, սակայն հարձակումները շատերին են ստիպել դիտարկել իրենց ծննդավայրը լքելու հեռանկարը։
«Ես երբեք չէի տեսել նման լայնածավալ ավերածություններ կամ հարձակումներ խաղաղ բնակչության դեմ», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչը:
Զաքար Քեշիշյանի տան պատուհանները դղրդում են, երբ իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին:
«Մենք չգիտենք, թե որքան մոտ են ընկնելու ռումբերը», - ասում է Քեշիշյանը:
56-ամյա Զաքար Քեշիշյանը, որին Հայաստանում ճանաչում են որպես Շուշիի «Վարանդա» մանկական երգչախմբի խմբավար, Բեյրութում է բնակվում։ Քեշիշյանի ու նրա լիբանանահայ հարյուր հազարավոր հայրենակիցների նախնիները Լիբանանում ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից հետո։
Իսրայելի պատերազմը մերձավորարևելյան այդ երկրում ավելի քան մեկ դար առաջ ապաստանած հայկական համայնքին կրկին դրդում է ցավոտ որոշում կայացնել՝ մնալ և մահվան վտանգի ենթարկվել կամ թողնել իրենց հայրենիքը դարձած երկիրը։
«Մենք այստեղ առնվազն 100 տարվա պատմություն ունենք», - ասում է Քեշիշյանը, - «Այստեղ թողնել մեր համայնքը, մշակույթը և ունեցվածքը աննկարագրելի դժվար կլինի»:
Իսրայելի ցամաքային ներխուժումը Լիբանան և իսրայելական օդուժի շարունակական հարվածներն ընդդեմ հարավային Լիբանանի մեծ մասը վերահսկող «Հեզբոլա» զինված խմբավորման ու քաղաքական կուսակցության հսկայական վնաս է հասցրել խաղաղ բնակչությանը:
Ըստ Լիբանանի պաշտոնական տվյալների սեպտեմբերի 23-ից ի վեր զոհվել է ավելի քան 2 հազար 300 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ: Ավելի քան 1.2 միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան մեկ հինգերորդը տեղահանվել է: Սա երկրի պատմության մեջ ամենազանգվածային տեղահանությունն է ։
Լայնածավալ օդային հարձակումներից բացի Իսրայելը նաև ցամաքային գործողություններ է իրականացնում 5,5 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում՝ ներխուժելով երկրի հարավային շրջաններ:
Քեշիշյանը, նրա կինը և 12-ամյա որդին այս օրերին հազվադեպ են դուրս գալիս Բեյրութից հյուսիս-արևելք գտնվող Մեզհեր շրջանի իրենց տնից: Քեշիշյանն ասում է՝ հաճախ է փորձում որդու վախերը փարատել:
«Ես փորձում եմ հանգստացնել նրան՝ ասելով, որ սա ժամանակավոր է, և որ ես էլ եմ տեսել այս ամենը և փրկվել», - պատմում է նա և շտապում խոստովանել. - «Իրականում մտահոգություններս խեղդում են կոկորդս»:
Հայտնի արվեստագետի ընկալմամբ՝ Իսրայելի պատերազմը Լիբանանում միայն ընդդեմ «Հեզբոլա»-ի չէ, որն ԱՄՆ-ը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ԵՄ-ն էլ այդ խմբավորման զինված թևն է ներառել իր սև ցուցակում:
«Զոհ ենք մենք բոլորս՝ հասարակ մարդիկ, երեխաները, ծերերը», - ասում է հայկական երգարվեստի ներկայացուցիչը, որը նաև դասավանդում է Բեյրութի կոնսերվատորիայում: - «Մենք բոլորս այս անմարդկային գործողությունների զոհն ենք, ավերվում են շարքային քաղաքացիների տները»։
«Պատերազմի սարսափը»
Եսայի Հավատյանը կարծում էր անվտանգ վայրում է Այնճարի իր տանը՝ Բեյրութից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք գտնվող գյուղում:
Հիմնականում հայերով բնակեցված գյուղը նույնիսկ հարյուրավոր ներքին տեղահանվածների է ընդունել, ովքեր փախել են Իսրայելի կողմից երկրի հարավային շրջանների ռմբակոծությունից:
Շատ չանցած, ինչպես Հավատյանն է պատմում, պատերազմն իրենց գյուղի շեմին էլ հասավ։
«Իրականությունը մեր դուռն էլ ծեծեց, երբ պայթյունների ձայները հասան մեր ականջներին՝ շատ ավելի մոտ, քան մենք կարծում էինք, հիշեցնելով պատերազմի սարսափը», - ասում է լիբանանահայ մտավորականը:
Պատմական Այնճար գյուղը զբոսաշրջային հայտնի ուղղություններից է, որը գտնվում է Սիրիայի հետ հիմնական սահմանային անցակետից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Հոկտեմբերի 4-ին իսրայելական օդուժը հարվածներ հասցնելով Մասնաա անցակետին խզել է սահմանակից երկրները կապող ճանապարը՝ պնդելով, որ «Հեզբոլա»-ն այդ անցակետով է զենք տեղափոխում:
Վերջին մի քանի շաբաթներին այս անցակետը հատել է շուրջ 500 հազար մարդ, շատերը՝ ոտքով, փորձելով մանկահասակ երեխաների հետ փրկվել Լիբանանում շարունակվող բախումներից։
64-ամյա Հավատյանը, ով ծնվել է Այնճարում, մի քանի պատերազմ է տեսել՝ 1975-90 թվականների Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 2006-ի Իսրայելի և «Հեզբոլա»-ի պատերազմը: Բայց, ասում է, ներկայիս հակամարտությունն այլ է:
«Ես Լիբանանում մի քանի պատերազմ ու զինված բախումներ եմ տեսել, բայց երբեք չեմ տեսել նման լայնածավալ ավերածություններ կամ հարձակումներ խաղաղ բնակչության դեմ», - ասում է Այնճարի բնակիչը:
«Լիբանանի հարավային շրջաններն ամբողջովին ավերված են։ Կարծես Գազայի տեսարանները կրկնվեն», - հավելում է Հավատյանը՝ նկատի ունենալով Իսրայելի շարունակվող պատերազմը պաղեստինյան անկլավում։
«Մշտական տագնապ»
Բեյրութում Քրիստին Դանիելյան-Սարգիսյանը համակարգում է «Ջինիշյան» հիշատակի ծրագրի աշխատանքները, ՀԿ-ն աջակցում է Լիբանանի հայ համայնքի խոցելի խավին:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բազմաթիվ ծանր պատմություններ եմ լսել մեր շահառու ընտանիքներից», - ասում է մարդասիրական կազմակերպության աշխատողը:
«Մայրիկները, որոնց օգնում ենք, պատմում են, թե ինչպես են իրենց երեխաները տառապում տրավմաներից, անքնությունից և սթրեսի հետևանքով փսխումից», - հավելում է նա:
Քրիստինն ամուսնու և երեք երեխաների հետ ապրում է արևելյան Բեյրութում՝ համեմատաբար անվտանգ շրջանում, մայրաքաղաքի լեռնային հատվածում։ Բայց, ասում է, 2,5 միլիոն բնակչություն ունեցող Բեյրութի օդային ռմբակոծություններն Իսրայելի կողմից բոլորի վրա են ազդում:
«Գուցե պատերազմն ուղղակիորեն մեր [հայ համայնքի] դեմ չէ, և գուցե մենք չենք հիմնական թիրախը։ Բայց վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ենք մշտական տագնապի մեջ ապրում։ Մեր քաղաքն է կաթվածահար եղել, մեր շուրջն է քաոսը», - ասում է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեյրութում իրավիճակն օր օրի լարվում է. հնարավո՞ր է Հայաստանը տարհանի հայերին ԼիբանանիցԴանիելյան-Սարգիսյանը մտավախություն ունի, որ Իսրայելի ահագնացող պատերազմը Լիբանանում կստիպի իրեն և իր ընտանիքին լքել երկիրը․․․ տարհանվելու դեպքում, ասում է, ուղղությունը դեպի Հայաստան կլինի ։
«Լիբանանն իմ երկիրն է, և հայ համայնքը մեծ ջանքեր է ներդրել այստեղ մեր կյանքը կառուցելու համար։ Մենք աղոթում ենք, որ դրան չհասնի», - ասում է Քրիստին Դանիելյան-Սարգիսյանը: