Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն պնդում է՝ իր ռեսուրսները լավ վիճակում են, Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Լիբանանում


Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի հարավային արվարձանում, 8-ը հոկտեմբերի, 2024թ.
Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի հարավային արվարձանում, 8-ը հոկտեմբերի, 2024թ.

Չնայած Իսրայելի շարունակվող ավիահարվածներին, ընդլայնվող ցամաքային գործողություններին՝ «Հեզբոլա»-ն վստահեցնում է՝ իրենց ռեսուրսներն ու կարողությունները լավ վիճակում են։

Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման գլխավոր քարտուղարի տեղակալ Նայիմ Քասեմը ծավալուն տեսաուղերձով պնդել է՝ որքան երկար պատերազմը շարունակվի, այնքան խորանալու է Իսրայելի խնդիրը․ - «Մեր հրամանատարությունն ու վերահսկողությունն ամուր են, տեսեք , թե վերջին մի քանի օրում մեր գործողությունները որքան են ընդլայնվել»:

Վերջին շաբաթներին «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայից զատ սպանվել են նաև խմբավորման այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հրամանատարներ։ «Հեզբոլա»-ն հայտարարում է՝ պաշտոններն արդեն լրացվել են․

«Հեզբոլա»-ի հրամանատարությունը, վերահսկումն ու կառավարումը կազմակերպված են: Բոլոր հաստիքները համալրվել են. թափուր պաշտոն չի մնացել»։

Խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան հրադադարի մասին էլ է խոսել․ Նայիմ Քասեմը հայտարարում է՝ աջակցում են Իսրայելի հետ հրադադար հաստատելու Լիբանանի իշխանությունների ջանքերին: Լրատվամիջոցները գրում են, թե պատերազմի մեկնարկից հետո «Հեզբոլա»-ն նման հայտարարություն է անում առաջին անգամ․ խմբավորումն ավելի վաղ հաղորդել էր՝ իրենք կդադարեցնեն կրակը, երբ Գազայում հրադադար հաստատվի։

Անցած շաբաթ Լիբանանի կառավարությունից հայտարարեցին, թե խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանությունից առաջ համաձայնել էր հրադադարին։

Իսրայելական կողմի արձագանքն այս ելույթին չուշացավ, զինված ուժերի ներկայացուցիչն այն «հուսահատ» է որակել՝ պնդելով, թե «Հեզբոլա»-ի բարձրաստիճան պաշտոնյան իրականությունը չի ընդունում։

Մինչ «Հեզբոլա»-ն իր ռազմական կարողությունների մասին է խոսում, Իսրայելը Լիբանանի հարավում սկսված ցամաքային գործողությունն ընդլայնելու մասին է հայտարարում ու տեղեկացնում՝ խմբավորման մեկ այլ հրամանատարի են սպանել, որն, ըստ իսրայելական կողմի, պատասխանատու էր լոգիստիկայի, զենքերի տեղափոխման համար:

2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ը Գազայի հատվածից տարբեր ուղղություններով հարձակվեց Իսրայելի վրա, հաջորդ օրն իսկ Իսրայելի դեմ երկրորդ ճակատն արդեն «Հեզբոլա»-ն բացեց։

«Մենք հարյուրավոր հրթիռներ և տասնյակ անօդաչու սարքեր ենք արձակում։ Մեծ թվով բնակավայրեր ու քաղաքներ կրակի տակ են», - «Հեզբոլա»-ի բարձրաստիճան պաշտոնյայի այս ելույթին զուգահեռ Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Հայֆան է թիրախավորվել, ավելի քան 100 հրթիռ է արձակվել, շինություններ են վնասվել, վիրավորների մասին են հաղորդում։

Ավելի ուշ Թել Ավիվը հայտարարեց, որ խոցել է «Հեզբոլա»-ի արձակած հրթիռների կայաններից մի քանիսը։

Իսրայելը պնդում է՝ չի կանգնելու, քանի դեռ «Համաս»-ի կողմից բոլոր գերեվարվածներին տուն չեն վերադարձրել, Լիբանանի ուղղությամբ էլ նպատակը սահմանամերձ հատվածներում «Հեզբոլա»-ի ռազմական ենթակառուցվածքները վերացնելն է․ իսրայելական կողմի պնդմամբ՝ խմբավորումը հենց սահմանամերձ բնակավայրերից է մի ամբողջ տարի գրոհել՝ այդ շրջաններում բնակվող իսրայելցիներին ստիպելով հեռանալ իրենց տներից։

Լիբանանի տարբեր հատվածներում իսրայելական կողմի հարվածներն էլ արդեն ավելի քան հազար մարդու կյանք են խլել։

XS
SM
MD
LG