Վերջին օրերին Ադրբեջանի ու Թուրքիայի բարձրաստիճան զինվորականները ակտիվ հանդիպումներ են ունեցել, փոխադարձ այցեր, կարևորել համատեղ զորավարժություններն ու ռազմական ավելի խորը համագործակցությունը։ Եղբայրական Թուրքիա իր այցելության մասին X-ում գրել է նաև Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները», - գրել է Իլհամ Ալիևի օգնականը։
Ի՞նչ են նշանակում Անկարայի ու Բաքվի ինտենսիվ հանդիպումները Հայաստանի համար։ Արդյո՞ք Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ռիսկեր կան՝ հաշվի առնելով Ադրբեջանից չդադարող պահանջներն ու խաղաղության բանակցությունների ներկայիս վիճակը, երբ կողմերը համաձայնության չեն հասնում վիճահարույց հարցերի շուրջ։
«Առնվազն տալիս են հիմք խոսելու այն մասին, որ դրանք կարող են պարունակել Հայաստանի համար որոշակի սպառնալիք ներկայացնող սցենարներ», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ Անկարայի ու Բաքվի վերջին ինտենսիվ քննարկումները ռիսկային համարելով Հայաստանի համար։
Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիա կարող է լինել, թեկուզ ոչ մեծ մասշտաբի, միայն թե մի նոր բան Ադրբեջանը Հայաստանից պոկի։
«Սա ամենևին չի նշանակում մեծ՝ ռեգիոնալ բնույթի ռիսկերի առկայություն, հնարավոր են նաև սահմանային սահմանափակ մասշտաբով ռազմական գործողությունների ռիսկեր, որոնք սակայն, բնականաբար, Հայաստանի համար կարող են լինել լրջագույն մտահոգության առարկա», - ասաց Բադալյանը։
Հաշվի առնելով Սիրիայում Թուրքիայի հաջողությունը, ո՞ր կողմն է ավելի շահագրգիռ այս տարաշածրջանում ռազմական ակտիվությամբ։ Թուրքիա՞ն է ուզում իր ազդեցությունն ընդլայնել ու դիրքերն ամրապնդել, թե՞ Ադրբեջանն է փորձում իրավիճակից օգտվել ու Հայաստանին իր պահանջները պարտադրել։
«Նկատենք, որ Ալիևը Էրդողանին խոստացել է Սիրիայում աջակցություն, լինել Թուրքիայի կողքին Սիրիայում՝ մարդասիրական հարցերում և այլն, և ամենևին չի բացառվում, որ Ադրբեջանն էստեղ ակնկալում է, որ Թուրքիան էլ իր հավակնությունների կողքին լինի, նկատի ունեմ Հայաստանի հանդեպ հավակնությունները», - նշեց քաղաքական մեկնաբանը։
Բադալյանը չի բացառում, որ Ադրբեջանն առիթից օգտվելով փորձում է Անկարայից ստանալ աջակցություն ու գործի անցնել։ Հավակնությունների չափն, ըստ Բադալյանի, էական չէ։
«Ադրբեջանը, կարծում եմ, առաջնորդվում է հետևյալ կերպ՝ կորզել ինչ հնարավոր է և որքան հնարավոր է՝ սկսած մեկ բլուրից մինչև մի ամբողջ ճանապարհ, կամ միջանցք», - նկատեց քաղաքական մեկնաբանը։
Մինչ այս հանդիպումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարել, թե ուզում են, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» նպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Ու թեև խաղաղության բանակցություններում վերջին ամիսներին էական տեղաշարժ չկա, Թուրքիայի արտգործանախարար Հաքան Ֆիդանը «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող էր նկատել։
Իսկ այս հայտարարությունների, ու փոխադարձ այցերի, քննարկումների փուլում Բաքուն շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել։ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը օրերս կրկին հնչել էր Բաքվից, թե դա խաղաղության հասնելու խոչընդոտ է։ Նրանք ուզում են, որ Հայաստանի Սահմանդրությունից հանվի անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Հայաստանի ու Արցախի միավորման մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրան արձագանքեց՝ կրկին հիշեցնելով, որ Հայաստանը հարևաններից տարածքային պահանջներ չունի։
Բաքվում դեմ են նաև եվրամիության դիտորդների ներկայությանը հայ-ադրբեջանական սահմանին, պահանջում են, որ Բրյուսելն իր առաքելությունն ավարտի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդները պիտի մնան այնքան ժամանակ, որքան կպահանջվի Երևանի ու Բաքվի միջև վստահության համար. Աբրահամյան