Մատչելիության հղումներ

«Ակնկալում ենք, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի ստորագրման»․ Թուրքիայի ԱԽ


Արտապատկերումը՝ թուրքական Anadolu գործակալության
Արտապատկերումը՝ թուրքական Anadolu գործակալության

Անկարան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների դրական զարգացումները կհանգեցնան խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն է նախօրեին նման հայտարարություն տարածել՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստից հետո։

«Մշտական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերից», - ասված է հայտարարությունում։

Խորհուրդը, մասնավորապես, քնարկել է Սիրիայում, Լիբանանում, Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, Ուկրաինայի ճգնաժամը, անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Երեկ Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ խաղաղությունն այլընտրանք չունի՝ ընդգծելով՝ որոշակի առաջընթաց է գրանցվել երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Ըստ Միրզոյանի, համաձայնություն կա նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, ապա, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։

Երևանը նոյեմբերի 5-ին է ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից հստակեցրել են՝ դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Նոյեմբերի վերջին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։

Մինչ Երևանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի որևէ հիմք չկա, խոսում է այն արագորեն ստորագրելու հնարավորություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղությանը խոչընդոտելու համար, կրկին պնդում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց համարում զենք գնելու հայկական կողմի փորձերը։

XS
SM
MD
LG