Մատչելիության հղումներ

«Ո՛չ հաստատում, ո՛չ հերքում եմ». արդյոք «ադրբեջանցիների վերադարձը» հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է


Իշխող ուժը հրաժարվում է ուղիղ ասել՝ արդյոք ադրբեջանցիների Հայաստան վերադարձի պահանջը խաղաղության բանակցությունների օրակարգում է, թե՝ ոչ։

«Մենք խոսում ենք բանակցությունների մասին և այստեղից ցանկացած հրապարակային դիրքորոշում հայտնել բանակցությունների պրոցեսի ընթացքում նշանակում է տվյալ հարցը հնարավորինս մտցնել փակուղի», - նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով, - «հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի: Ես, այո, ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»:

Մինչև իշխանական ուժը խուսափողական պատասխաններ է տալիս, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով խաղաղության գործընթացի մասին, պնդել էր՝ «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, խուսափում է հակադարձել Ալիևին, ով Հայաստանի ինքնիշխան տարածքն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում:

«Ինչ վերաբերում է տարբեր մեկնաբանություններին Ադրբեջանից հնչող Ալիևի կողմից, ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին դրանք մեկնաբանել», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմության համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանի իշխանությունը խուսափում է հնչեցնել իր կարմիր գծերը

Ընդդիմության համոզմամբ՝ վարչապետ Փաշինյանի իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հետ բանակցություններում հնչեցնել իր կարմիր գծերը, քանի որ հասկանում է, որ ամեն պահի կարող է այդ գծերից հրաժարվել։

«Մեռած ձևանալով Ադրբեջանի հետ չեն բանակցում, ոչ մի բան չասենք, չջղայնացնենք տարբերակով Ադրբեջանի հետ չեն բանակցում, առհասարակ ոչ մի երկրի հետ չեն բանակցում», հայտարարեց խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հայկ Մամիջանյանն, անընդունելի համարելով ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվի հերթական պահանջը, ընդգծում է՝ Պաշտոնական Երևանը պարտավոր է հստակ ներկայացնել իր կարմիր գծերը։

«Հայաստանի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի ավտոգրաֆը ստանալու հետևից, ոնց են աստղերի հետևից ընկնում, այդպես ինքը վազում է, որպեսզի ստանա ավտոգրաֆ, որովհետև իրեն պետք թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղության», որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ անի, ահա թե ինչու չեն պատասխանում», - ընդգծեց Մամիջանյանը:

«Ազատության» հարցին՝ իր կարծիքով վերադարձի հարցը կա՞ բանակցությունների օրակարգում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. - « Ես կասկածներ ունեմ, որ Փաշինյանենք դրան առանձնապես դեմ չեն արտահայտվել փաստարկված գոնե իսկ: Երկրորդ՝ ամենաահավորը՝ կարևոր չի այս պահին ինչ կա, որովհետև Ադրբեջանն ինչ առաջ քաշի Փաշինյանենք համաձայնվելու են էնքանա որ մի բան ստորագրվի, դա է ողբերգությունը»:

Խաղաղության պայմանագրի նախագծի հոդվածները 16 -ից դարձել են 17. ի՞նչ մեկ դրույթ է ավելացել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի մասին շեշտում էր, թե Ադրբեջանի հետ համաձայնության են եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։

Եթե Արարատ Միրզոյանը երեկ պնդում էր, թե խաղաղության պայմանագրի նախագիծը բաղկացած է նախաբանից և 17 կետերից, ապա դեռ սեպտեմբերին հայտարարում էր 16 կետի մասին. - «Տեխնիկապես մենք հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված են, 3-ը մասնակի համաձայնեցված հոդվածներից են»:

Դատելով արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարություններից, կարելի է ասել, որ խաղաղության պայմանագրի նախագծի դրույթները մեկով ավելացել են, 16 -ից դառնալով 17։ Արտաքին գործերի նախարարությունը դեռ չի պարզաբանել՝ արդյոք դեռ սեպտեմբերին Երևանի առաջարկները մերժելուց հետո կողմերը կրկին վերադարձել են Բաքվի առաջարկած նախկին 17 դրույթներին։ Անհայտ է նաև, թե այդ ինչ նոր կետի մասին է խոսքը։

Ընդդմիությունից, սակայն, վստահ են՝ Ադրբեջանի պահանջներն ավելացել են։

Թե ինչ փուլում է այս պահին բանակցային գործընթացը, կողմերը որևէ տեղեկություն չեն տալիս։ Սակայն իշխող ՔՊ խմբակցության քարտուղարն այսօր վստահեցնում էր՝ բանակցությունները փակուղի չեն մտել, դրանք շարունակվում են, պարզապես կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի ժամանակատար են։

XS
SM
MD
LG