Մատչելիության հղումներ

Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում կրկին կարևորեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը


Մոսկվայում այսօր տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում խոսելով ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման հեռանկարների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կարևորեց Հայաստանի կառավարության կողմից դեռևս անցած տարի ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

«Հայաստանի կառավարության նախաձեռնած այս նախագիծը վերջնական արդյունքում կապահովի բարենպաստ պայմաններ տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի զարգացման համար՝ բոլոր հետաքրքրված պետությունների համար՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա», - նշել է Փաշինյանը։

Չնայած Հայաստանի կառավարության ղեկավարը շարունակ պնդում է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանի կոմունիկացիաները, որից օգուտ կքաղեն բոլորը, առաջարկն այդպես էլ դրական արձագանք չի ստանում ոչ Բաքվի և ոչ էլ Մոսկվայի կողմից։

Փաշինյանը դեռ անցած հոկտեմբերին ասել էր, թե իր պատկերացմամբ՝ Ռուսաստանի համար այդ ծրագիրը կարող է ընդունելի լինել, եթե Մոսկվան շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա։ Նիկոլ Փաշինյանի վերլուծությամբ՝ Ադրբեջանն էլ մտահոգված է, որ նախագիծը Հայաստանին միլիարդավոր օգուտներ կբերի, և Երևանն էլ դա կարող է օգտագործել ընդդեմ Բաքվի, դրա համար հրաժարվում է հավանություն տալ այդ առաջարկին։

«Մոսկվան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»

Հատկանշական է, որ ԵԱՏՄ խորհրդի նիստում «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին Փաշինյանի հայտարարությունից ժամեր առաջ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը խոսում էր 2020 թվականի Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների մասին, պնդելով, թե Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է և կանի 2020-23 թվականների հայ-ռուս-ադերբեջանական պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։

«Մոսկվան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչպես նաև հանդես է գալիս հնարավորինս շուտ հայ-ադրբեջանական սահմանագծման օգտին։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Մոսկվան պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն Ռուսաստանի Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերը: Վարչապետը Փաշինյանը մինչդեռ հակադարձում է՝ այդ հայտարարության համաձայն Հայաստանն է ապահովում և երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը։

Մոսկվայում Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում նախատեսված չէ

ԵՏԱՄ միջկառավարական նիստի շրջանակներում Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Պուտինի խոսնակը նշել է, որ Հայաստանի ղեկավարին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Դեկտեմբերի 25-ին նախատեսված է նաև ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս միջոցառումը որոշվել է անցկացնել ոչ թե կառույցը նախագահող երկրի մայրաքաղաք Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանել էր, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել։

«ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», - հայտարարել էր վարչապետը, սակայն չէր հստակեցրել, թե ԵԱՏՄ որ անդամին նկատի ունի՝ թերևս ակնարկելով Բելառուսին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարը Բաքվում ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել: Այդ հայտարարությունից հետ Հայաստանի ԱԳՆ-ը բողոքի հայտագիր ներկայացրեց Մինսկին, ապա Երևանը Բելառուսից հետ կանչեց իր դեսպանին, ինչին հետևեց Մինսկի հայելային պատասխանը։

Ի դեպ, ԵԱՏՄ նախագահությունը հաջորդ տարվանից կփոխանցվի Բելառուսին։ Պարզ չէ՝ արդյոք սա նշանակում է, որ Փաշինյանն իր խոստման համաձայն Բելառուս չի մեկնի և չի մասնակցի այնտեղ անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին։

XS
SM
MD
LG