Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի հետ սահման, որտեղ առաքելություն են իրականացնում ԵՄ դիտորդները, հանգեցրել է Բաքվի և Վարշավայի միջև հարաբերությունների սրման։
Բաքուն ափսոսանք է հայտնել այդ այցի կապակցությամբ, նշելով, որ Լեհաստանը պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկերն» է, իսկ Դուդայի՝ դիտորդների հետ պարեկություն անելու քայլն էլ անվանել դիվանագիտական «հեռադիտակային շոու»։
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ Երասխում։ Դուդան Պարույր Սևակում մասնակցել է պարեկության։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս «ոչ բարեկամական գործողության»։
- 2023-ի փետրվարին Հայաստան եկած Եվրամիության առաքելության դիտորդների Հայաստանի սահմաններին տեղակայման ժամկետը լրանում է 2.5 ամսից։ Մինչ այդ առայժմ պարզ չէ՝ Բրյուսելն ու Երևանը բանակցում են նրանց տեղակայման ժամկետը երկարաձգելու շուրջ, թե ոչ։
- Դիտարկմանը քննադատաբար է վերաբերվում Բաքուն, պահանջում նրանց հեռացնել հայ-ադրբեջանական սահմանից։ Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետը հայտնեց, որ Բաքվին առաջարկել են սահմանազատված հատվածներից հեռացնել ԵՄ դիտորդներին։
- Երեկ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Դուդան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Լեհաստանի պատրաստակամությունը հայտնեց։
- Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։