Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ. «Մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին՝ քաղաքական հռետորաբանություն է»


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում զրուցում է լրագրողների հետ, 7-ը դեկտեմբերի, 2024թ.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում զրուցում է լրագրողների հետ, 7-ը դեկտեմբերի, 2024թ.

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն առաջ է մղում ի պատասխան արցախցիների վերադարձի մասին Հայաստանի և միջազգային հանրության հայտարարությունների:

Ալիևը պահանջում է՝ Երևանը բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Ալեն Սիմոնյանն այսօր նախընտրեց ոչ թե Ադրբեջանի նախագահի այս պահանջին արձագանքել, այլ բացատրել, թե ինչու է Ալիևը նման բան անում:

«Մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, մեր գործընկերները միջազգային խոսում են Արցախ վերադառնալու մասին, իրենք խոսում են ադրբեջանցիների վերադառնալու մասին: Հիմա եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք, իրենք նույն բանը հայելային ասելու են և բան են անելու: Ես առաջարկում եմ՝ մենք հայկական շահի, հայկական օրակարգի ուղղությամբ գնանք, այսինքն՝ մենք հասկանանք՝ մենք հայերով ի՞նչ ենք ուզում անենք, է՛դ ասենք», - հայտարարեց ԱԺ նախագահը:

Հայաստանի կառավարությունը, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո արցախցիների վերադարձի մասին չի խոսում, ավելին՝ վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները մշտապես ասել են, որ իրենց խնդիրը Հայաստանի անվտանգությունն ապահովելն է:

Նույնն այսօր կրկնեց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին՝ հնարավո՞ր է, որ այժմ, երբ Բաքուն ամենաբարձր մակարդակով խոսում է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին, Հայաստանից ի պատասխան բարձրաձայնեն արցախցիների վերադարձի հարցը:

«Արցախցիների վերադարձի հարց կարա լինի էն դեպքում, երբ որ մենք վստահ կլինենք, որ էդ մարդկանց անվտանգությունը կկարողանանք ապահովել: Ուղղակի քաղաքական հռետորաբանությանը պատասխանել, կարծում եմ, էս փուլում ճիշտ չի: Եվ էն պարագայում, երբ որ մենք իմանանք, որ էդ մարդկանց չենք ուղարկում էնտեղ, որպեսզի իրենց հետ մի բան լինի, իհարկե, միանշանակ, դա կլինի», - նշեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ հավելելով. - «Բայց սա, կարծում եմ, քաղաքական հռետորաբանություն է, որը որ Բաքվի կողմից տարվում է հայելային տրամաբանությունից ելնելով»:

«Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ Բաքվից հնչած հայտարարություններին պաշտոնական Երևանը չի արձագանքել: Արտգործնախարարությունը հրաժարվում է հայտնել նաև ապաշրջափակման հարցով Բաքվին ուղարկված առաջարկների բովանդակությունը:

Հայաստանի բանակցողները տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համար ադրբեջանական կողմին գրավոր առաջարկներ ուղարկել են հոկտեմբերի 24-ին երկու երկրների ղեկավարների կազանյան բանակցություններից հետո: Այդ օրը Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպմանը ճանապարհների բացման հարցը չէր շրջանցվել:

Արտգործնախարարությանը «Ազատություն»-ը խնդրել էր հայտնել՝ ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, և Բաքուն ինչպե՞ս է արձագանքել դրանց:

«Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով և ողջամիտ ժամկետներում տրամադրվում է հանրությանը», - պատասխանեցին գերատեսչությունից:

Տարածաշրջանային ապաշրջափակման հարցը Երևանի և Բաքվի միջև առկա տարաձայնությունների պատճառով ամիսներ առաջ հանվեց խաղաղության բանակցությունների բանակցվող փաթեթից, բայց դրա շուրջ քննարկումները շարունակվում են: Ընդ որում՝ մոտ մեկ ամիս առաջ արտգործնախարար Միրզոյանը հստակեցրել էր, թե ինտենսիվ բանակցություններն ընթանում են կոնկրետ երկաթուղու ապաշրջափակման և դրա գործարկման ուղղությամբ: Արտգործնախարարությունից «Ազատություն»-ը նաև խնդրել էր մանրամասնել, թե երկաթուղու ո՞ր հատվածի շուրջ են քննարկումները: Սրան ևս նախարարությունը չի պատասխանել:

Այս շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց առաջարկի բովանդակությունը գաղտնազերծելու կրկին պնդում էր, թե այն իրատեսական է:

«Առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական և ռեալ լուծում տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, և մնում ա բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել և բոլոր ուղղություններով լուծել», - հայտարարեց Փաշինյանը:

Ադրբեջանին փոխանցված փաթեթը բխում է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, հիմքում էլ երկրների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներն են: Բաքուն մինչ օրս այս նախագծի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, փոխարենը՝ մշտապես պնդել է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

«Քիչ հավանական է, որ Բաքուն դրական արձագանքի «Խաղաղության խաչմերուկին» կամ դրանից բխող առաջարկի»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը քիչ հավանական է համարում, որ Բաքուն ինչ-որ փուլում դրական արձագանքի Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին կամ դրանից բխող որևէ առաջարկի, հատկապես եթե դրա շուրջ չկա միջազգային դերակատարների համաձայնությունը:

«Ադրբեջանին պետք է այն ռեժիմը, որը գերակայություն կունենա Հայաստանի ինքնիշխանության հանդեպ: Ես կարծում եմ՝ այդպիսի ռեժիմ չլինելու պարագայում Ադրբեջանը չունի շահագրգռություն՝ գնալ ապաշրջափակման, որովհետև դրանից Հայաստանի համար էֆեկտը կլինի որոշակի հավասարակշռություն պարունակող, իսկ Ադրբեջանին այդ հավասարակշռությունը պետք չէ: Եվ ըստ այդմ՝ քիչ հավանական եմ համարում, որ Բաքուն գնա այդպիսի համաձայնության», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բադալյանը:

Երևանն ու Բաքուն ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցում են 44-օրյա պատերազմից հետո, բայց՝ առանց արդյունքի: Ադրբեջանն առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, իսկ հայկական կողմը կտրուկ մերժում է՝ դա համարելով կարմիր գիծ: Մինչ Արցախի անկումը, ճանապարհների բացման բանակցություններում ներգրավված էր նաև ռուսական կողմը: Քննարկումներն ընթանում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խմբում, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունից հետո այդ ձևաչափով այլևս նիստեր չեն անցկացվել:

«Չէ չի շարունակվում: Ըստ էության, գիտեք, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչև էդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելը ուղղակի իմաստ չունի», - ընդգծել է աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հենց այդ փուլում Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ դրեց ապաշրջափակման սեփական տեսլականը՝ այն անվանելով «Խաղաղության խաչմերուկ»: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի բացառում, որ այն այդպես էլ մնա թղթի վրա:

«Հայաստանի առաջարկը կարող է մնալ որպես առաջարկ՝ որպես այդպիսին, որովհետև դրա շուրջ չկա ոչ միկրոհամաձայնություն՝ նկատի ունեմ Ադրբեջանի մակարդակով, այսինքն՝ միկրոմակարդակում համաձայնություն, և ոչ էլ տեսնում ենք, որ մակրոմակարդակում կա ձևավորված ինչ-որ մոտեցում», - ասաց մեկնաբանը:

Չնայած ադրբեջանական նոր պահանջին և հայկական կողմի առաջարկներին արձագանքի բացակայությանը, Ազգային ժողովի նախագահն այսօր պնդեց՝ հայ - ադրբեջանական բանակցություններում բացասական ֆոն այժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG