Մատչելիության հղումներ

ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան


Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Հայտնի չէ, թե երկու երկրներից ինչ պաշտոնյաներ կամ մասնագետներ են մասնակցել սահմանին կայացած հանդիպմանը։

Երևանի բանագնացն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց, միայն փոխանցեց. - «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայցուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Սա կողմերը համարում են վստահության ամրապնդմանն ուղղված քայլ: Բայց նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռ թղթի վրա է: Չնայած սրան՝ հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական ակնկալիքներից էր խոսում:

«Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, դրական բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ», - ասել է Միրզոյանը:

Հայաստանի հատուկ ներկայացուիցչ Ռուբեն Ռուբինյանը բազմիցս ասել է՝ հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից: Հայաստանն ակնկալում է ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, այլ նաև հարաբերությունների ամբողջական կարգավորում՝ առանց նախապայմանների:

Թուրքիայից, սակայն, չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Երկու օր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարևոր պայման համարելով նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի կատարումը:

«Քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, կայուն խաղաղության հասնելն անհնար է: Մշտական խաղաղությունն ապահովելու և այս խնդիրն ապագա սերունդներին չթողնելու համար Հայաստանի Սահմանադրության այս հոդվածը պետք է վերացվի», - նշել է նա:

Երևանն ու Անկարան հարաբերությունները փորձում են կարգավորել 44-օրյա պատերազմից հետո: Բացի երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, տարբեր առիթներով հանդիպել են արտգործնախարարները, նաև ղեկավարները: Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հայտարարություններ հնչել են, բայց առանց գործողությունների: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանն ու Թուրքիան այժմ փորձելու են աշխարհին ցույց տալ, թե գործընթացը մեռած չէ, բայց իրական քայլեր կլինեն, եթե կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։

«Հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելուց հետո, իհարկե, չենք կարող ասել՝ դա երբ կլինի, Թուրքիան քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ», - ասաց Սաֆրաստյանը:

Բայց հարաբերությունների ամբողջական կարգավորում, ըստ թուրքագետի, անգամ այդ դեպքում չի սպասվում: Սաֆրաստյանի վերլուծությամբ՝ Անկարան դա կանի փուլ առ փուլ՝ այդ ճանապարհին փորձելով հասնել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը: Ընդ որում՝ սա այն հարցն է, որը Հայաստանը կարմիր գիծ է համարում:

«Թուրքիային էլի ինչ-որ խաղաքարտեր պետք կլինեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որ Հայաստանից ստանան էքստերիտորիալ իրավունք, այսինքն, Հայաստանը հրաժարվի իր ինքնիշխան տարածքի այդ հատվածից», - ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա:

XS
SM
MD
LG