Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ազգային ժողովը հայտարարություն ընդունի՝ դատապարտի Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունները, քաղաքական նկատառումներով հռչակագրով ամրագրված համազգային նպատակները նսեմացնելու փորձերը։
«Մենք վտանգ ենք տեսնում, որ էս մարդիկ փորձում են ոչնչացնել հայոց պետականության հենասյունը՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, դա դարձնել ընդամենը պատմական նշանակության փաստաթուղթ՝ ոչ մի իրավական հետևանքների: Սա համարում ենք անթույլատրելի», - նշեց Մինասյանը:
Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց են համարում մայր օրենքի նախաբանը։ Նախաբանում Անկախության հռչակագրով Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հիշատակում կա։
Ադրբեջանի անդադար պահանջի ֆոնին բարձր դատարանը վերջերս որոշում հրապարակեց, որ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը հռչակագիրը նսեմացնելու քայլ էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ«Ակնհայտ է, որ ներկա պայմաններում սպառնալիքներ կան նաև Անկախության հռչակագրին ուղղված, որի ամենագագաթնակետը Սահմանադրական դատարանի որոշումն է», - ասաց Մինասյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունը հռչակագիրը արհեստականորեն հակադրելով Սահմանադրությանը՝ փորձում է այն արժեզրկել, դարձնել սիմվոլիկ մի փաստաթուղթ, որ իրավական ուժ ու հետևանք չունի։
«Անկախության հռչակագրի դեմ ուղղված գործողությունները համազոր են Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված գործողություններին, ինչը Քրեական օրենսգրքի համաձայն առանձնապես ծանր հանցագործություններ են իրենցից ներկայացնում: Բոլոր այդ անձինք, ովքեր կկատարեն կամ կատարում են այս գործողությունները, վաղ թե ուշ կանգնելու են պատասխանատվության առաջ», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Հայտարարության նախագիծն առաջիկայում Պետաիրավական հանձնաժողովում կքննարկվի, հետո լիագումար նիստում։
Նախագծի բովանդակությունն անցած շաբաթ խորհրդարանում հրապարակեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը. - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:
Արման Եղոյանն էլ է դեմ, որ Անկախության հռչակագրով ամրագրված սկզբունքները նսեմացվեն
Իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ է դեմ, որ Անկախության հռչակագրով ամրագրված սկզբունքները նսեմացվեն, բայց, ասաց՝ դա չի նշանակում, որ պետք է կողմ քվեարկի ընդդիմության նախագծին։
«Չէ, ավտոմատ չի նշանակում, իհարկե, որովհետև դա կախված է քաղաքական իրավիճակից և նաև այդ առաջարկը ներկայացրած քաղաքական ուժից», - նշեց Եղոյանը:
Նախագիծն ընդունելու համար միայն ընդդիմության ձայները բավարար չեն, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ի՞նչ դիրքորոշում ունի, հնարավոր է համարում, որ միանան ընդդիմադիրների հայտարարությանը։ Խմբակցության անունից Եղոյանը հրաժարվեց որևէ բան ասել։
«Խմբակցությունը որոշումները կայացնում է պարզ մեծամասնության կանոնով՝ քվեարկությամբ», - ընդգծեց նա:
Ի՞նչ է ակնկալում ընդդիմությունն իշխանությունից՝ հերթական հայտարարության նախագիծը շրջանառության մեջ դնելով։ Արծվիկ Մինասյանը ենթադրում է, որ սա էլ իրենց տապալված հայտարարությունների ճակատագրին կարժանանա։
«Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Դա կնշանակի, որ հերթական անգամ այս իշխանությունը դավաճանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու արժեքները», - ասաց Մինասյանը։
Հայտարարության նախագիծը Պետաիրավականում ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ կքննարկվի։
Անցած շաբաթ էլ այս թեմայով ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում լսումներ էր հրավիրել, որին իշխող ուժը չէր մասնակցում։