Մատչելիության հղումներ

Միջադեպ խորհրդարանում՝ Անկախության հռչակագրի թեմայով լսումների ընթացքում


Անկախության հռչակագրի թեմայով ընդդիմության հրավիրած լսումներն առանց միջադեպի չանցան։ Մասնակիցներից նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին անվտանգության աշխատակիցները հեռացրին խորհրդարանից։

«Նրանք թքած ունեն մեր բոլորի իրավունքների և արժանապատվության վրա, և սահմանադրական կարգը որպեսզի վերականգնենք, պահպանենք մեր իրավունքները, պետք է վռնդենք իշխանությունից ամեն գնով», - նշեց Հակոբյանը:

Մինչև հեռացնելը, Ռուբիկ Հակոբյանը ամբիոնից սուր քննադատեց վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին, կոչ արեց համախմբվել ու ընդվզել իշխանության դեմ։ Վիրավորական ձևակերպումներով հիշեց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի մասին, երբ թքել էր քաղաքացու դեմքին։

«Էս ամբիոնն այսօր ղեկավարում է մարդ, որ ես ամաչում եմ, գետինն եմ մտնում, որ կարող է ղեկավարել մեկը շատ ճշգրիտ, ամբողջական, համոզիչ ձևակերպում է տվել այցեքարտով ինչ-որ մի մարմնավաճառ, որը դիտում է, որ ժողովրդի հարկերով վարձատրվող թիկնապահների կարող է հրավիրել, որպեսզի բռնի քաղաքացու ձեռքերից, որ ինքը թքի քաղաքացու վրա: Համենայն դեպս առաջին շարքերում կլինեմ միշտ, որտեղ իսկապես անկեղծորեն խնդիր կդրվի այս ազգակործան պատուհասներից ազատվելու հարցը», - հայտարարեց նա:

Ռուբիկ Հակոբյանի ելույթին հաջորդեց ընդմիջումը, անվտանգության աշխատակիցները միջանցքում մոտեցան նրան ու դուրս տարան։ Ավելի ուշ խորհրդարանից պարզաբանեցին՝ Ռուբիկ Հակոբյանին դուրս են հրավիրել Ալեն Սիմոնյանին վիրավորելու պատճառով. «Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել Ազգային ժողովի նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, Ազգային ժողովը որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար»։

Այս միջադեպից առաջ էլ, հետո էլ դահլիճում քննարկումը խաղաղ էր։

«Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը երբեք քննարկման կասկածի նյութ չի եղել, շատ հաճախ պետականության պատմության ընթացքում ունեցել է նաև պաշտպանիչ վահանի դեր», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Հայաստանի Անկախության հռչակագրի կարևորության թեմայով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր լսումները հրավիրել։ Հանրային գործիչներ, իրավաբաններ ու Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում էին։ Իշխանությունը լսումներին չէր մասնակցում։

Անկախության հռչակագրի թեման Հայաստանում սուր քննարկվում է այն պահից, երբ Ադրբեջանը պահանջեց փոխել մայր օրենքը, որի նախաբանում նշվում է Անկախության հռչակագրի մասին։ Սահմանադրության ընդունման հիմքում Անկախության հռչակագրով ամրագրված նպատակներն ու սկզբունքներն են։ Իսկ հռչակագրում Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հիշատակում կա, ինչն էլ խնդրահարույց է համարում Ադրբեջանը։

«Հայաստան» խմբակցությունը նաև Հռչակագրի անժամանցելի արդիականության» մասին հայտարարության նախագիծ է մշակել։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընթերցեց. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

Բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնն ասում է վարչապետ Փաշինյանը, բայց Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջը չի դադարում։

«Այդ որոշման մեջ ուղղակիորեն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավական համակարգի մաս չի կազմում Անկախության հռչակագիրը, սա ընդունենք փաստ: Հիմա անցնենք երկրորդ հարցին՝ իսկ արդյոք իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու և արդյոք այդ որոշումը, որն ինքը կայացրել էր իրավաչափ էր: Այստեղ է խնդիրը: Իմ կարծիքով՝ պատասխանը «ոչ» է», - ասաց փաստաբան Արման Օրբելյանը:

Խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր շարժման առաջնորդը կառավարության ղեկավարին մեղադրեց պետականության ու ինքնիշխանության հիմքերը ձախողելու համար, ինչին, նրա ձևակերպմամբ, Փաշինյանը հանցակից է դարձնում իր թիմին ու պետական բոլոր կառույցներին։

Բագրատ Գալստանյանը
Բագրատ Գալստանյանը

«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է, հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը, այս անպատիվ ընթացքն ի վերջո կանգնեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է», - հայտարարեց Բագրատ Գալստանյանը:

Իշխող խմբակցության անդամներին դուր չէր եկել հատկապես լսումների մասնակիցներից Բագրատ սրբազանի ելույթի այս հատվածը. - «Ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը»:

ՔՊ խմբակցության անդամները ելույթին արձագանքեցին ֆեյսբուքյան գրառումներով՝ վիրավորելով ու հեգնելով ընդդիմադիր շարժման առաջնորդին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG