Մատչելիության հղումներ

Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ


ՀՀ ՍԴ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ՍԴ շենքը Երևանում, արխիվ

Սահմանադրագետը պնդում է՝ բարձր դատարանի դատավորները, ըստ էության, ամրագրել են, որ Անկախության հռչակագիրն իրավական նշանակություն չունի։

Անկախության հռչակագիրը «զավակին խժռող ծնողի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ - ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են Սահմանադրական դատարանի դատավորներն ու անմիջապես հավելել՝ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։

Բարձր դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ 33-էջանոց որոշման գերակշիռ հատվածը, սակայն, ոչ թե սահմանազատման մասին է, այլ՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի։

Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ Սահմանադրության նախաբանի՝ «... հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Սահմանադրական դատարանի այս ծավալուն որոշումը հրապարակվում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի գրեթե ամենօրյա պահանջի ֆոնին։ Դատավորները պատճառաբանել են, թե հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։

Իսկ Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին խնդրահարույց համարում է հենց Սահմանադրության նախաբանում հիշատակված Անկախության հռչակագիրը՝ պնդելով, թե այն տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հռչակագրում խոսվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի մեկնաբանմամբ՝ բարձր դատարանը փաստացի ասում է, որ Անկախության հռչակագրում տեղ գտած Հայաստանի ու Արցախի վերամիավորման նպատակն ի չիք է դառնում, իսկ հռչակագիրն էլ կորցնում է իր իրավական նշանակությունը:

«Պարզ ասած՝ այս որոշմամբ Սահմանադրական դատարանը հայտարարում է, որ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, եթե որևէ կերպ չեն ամրագրվել բուն Սահմանադրության տեքստում, այսինքն՝ 1-ից սկսած հոդվածներում, դրանք այլևս գոյություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պողոսյանը:

Սահմանադրագետը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են բարձր դատարանի դատավորները կանոնակարգի դրույթները Սահմանադրության համատեքստում քննելու փոխարեն առաջ անցել ու քննարկել մի հարց, որը կանոնակարգում չկա։ Կարծում է՝ այս որոշմամբ բարձր դատարանի դատավորները վաղօրոք անդրադարձել են հենց Բաքվի պահանջներին, փորձել են ցրել Բաքվի մտահոգությունը։

«Իրականում Անկախության հռչակագրի նշանակության վերաբերյալ առաջին հերթին իրենք պետք է խոսեին հենց այդ խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված, որովհետև այդ պայմանագիրն էր ուղղակի նշանակություն ունենալու Արցախի անկախության, պատկանելիության, Հայաստանի հետ վերամիավորման և այլ հարակից հարցերի վերաբերյալ: Բայց իրենք նախօրոք հիմա, արդեն այդ կանոնակարգի սահմանադրականության քննարկման հետ կապված, արդեն իսկ ասում են, որ Արցախի վերամիավորման վերաբերյալ հիշատակումը Հայաստանի Անկախության մասին հռչակագրում որևէ նշանակություն չունի», - ընդգծեց սահմանադրագետը:

Վարչապետ Փաշինյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր անդրադարձել Անկախության հռչակագրին։ Ընդ որում, Փաշինյանը կես տարի առաջ ինքն էր փորձել բացատրել Անկախության հռչակագրից բխող սպառնալիքները, այդ հարցում կարևորել Սահմանադրության փոփոխությունները, իսկ արդեն օգոստոսին՝ փաստաթղթի ընդունման օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում, նրա շեշտադրումներն այլ էին։ Վարչապետի խոսքով՝ թեև Անկախության հռչակագրին հղումը տեղ է գտել Սահմանադրության մեջ, միևնույն է՝ դա չի նշանակում, որ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական է: Փաշինյանը պարզաբանել էր, թե Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն են, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանությունը պարզապես պատեհ չէ:

Հայաստանն, ի դեպ, նույնպես տարածքային պահանջ է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, բայց դա խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման չի դարձնում, օրերս ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարեց:

«Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն, ի դեպ, ասաց՝ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։ «Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար», - հայտարարեց Փաշինյանը:

Սահմանադրական դատարանը դեռ չի հրապարակել դատավորներից Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը, որը դեմ է քվեարկել հայ - ադրբեջանական կանոնակարգի վերաբերյալ որոշմանը։

Անկախության հռչակագրի մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի մեկնաբանությանը դեռևս չեն արձագանքել Բաքվից։

Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG