Մատչելիության հղումներ

Երևանը խոսում է պատերազմի հնարավորության մասին


Խաղաղություն հաստատելու շուրջ երկսուկես տարվա հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Երևանը խոսում է պատերազմի հնարավորության մասին:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակն է այսօր կրկին արձագանքել ադրբեջանցի իր պաշտոնակցին՝ հայտարարելով, թե Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է էսկալացիայի լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար:

«Նման վերլուծությունների թիվն, ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը», - նշված է հայտարարությունում:

Արդյոք Բաքուն COP-29-ից հետո ագրեսիա՞ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ: Արտգործնախարարությունից անցած շաբաթվանից ակնկալում են պատասխան ստանալ: Ադրբեջանից, սակայն, միայն պնդել են, թե Երևանը «ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում, փորձում մոլորեցնել միջազգային հանրությանը»: Հնարավոր ռազմական էսկալացիայի մասին անցած շաբաթ Վարշավայում խոսել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ավելի ուշ՝ նաև նրա տեղակալը:

Համաձայնեցված տեքստով խաղաղության համաձայնագիր ստորագրելու Երևանի առաջարկից և Բաքվի մերժումից հետո ադրբեջանական կողմի հռետորաբանությունն օր օրի կոշտանում է: Բաքուն պնդում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր գլխավոր պահանջը, ավելացնում՝ նորերը:

Անգամ Հայասանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որ մայր օրենքի տեքստում որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ չկա, Ադրբեջանի մտահոգությունները չի փարատել, հակառակը՝ Բաքուն դժգոհ է դրա բովանդակությունից:

«Ընդգծվում է նախաբանի կարևորությունը որպես Սահմանադրության անբաժանելի մաս, որում հղում է կատարվում Հայաստանի Անկախության հռչակագրին, իսկ դրանում տարածքային նկրտումներ կան Արդբեջանի նկատմամբ: Մասնավորապես, դատարանի որոշումը նախաբանը և, հետևաբար, Անկախության հռչակագիրը բնութագրվել որպես «հայկական պետականության հիմնարար սկզբունքներ» և նշել, որ դրանք անփոփոխ դրույթներ են, ինչն էլ ավելի է մեծացնում ադրբեջանական տարածքների նկատմամբ Հայաստանի նկրտումները», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG