Մատչելիության հղումներ

Վարչապետը պնդում է՝ Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն


Եթե կես տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էր Սահմանադրության փոփոխության համատեքսում հայաստանցիներին փորձում բացատրել Անկախության հռչակագրից բխող սպառնալիքներն, այսօր արդեն փաստաթղթի ընդունման առթիվ հղած շնորհավորական ուղերձում նրա շեշտադրումներն այլ են: Այժմ էլ վարչապետը պնդում է՝ թեև Անկախության հռչակագրին հղումը տեղ է գտել Սահմանադրության մեջ, միևնույն է՝ դա չի նշանակում, որ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական է:

«Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»: Չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, Սահմանադրությամբ զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը», - նշված է ուղերձում:

Այս օրինակն, ըստ Փաշինյանի, աներկբա ցույց է տալիս, որ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն են, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանությունը պարզապես պատեհ չէ: Թե ում է ուղղված վարչապետի այս դժգոհությունը, տեքստում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Բայց Հայաստանի Սահմանադրությունն ու դրանում Անկախության հռչակագրին հղումը խնդրահարույց է համարում Ադրբեջանը: Ավելին՝ պնդում են, թե դա է խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանը։

Բաքվի մեկնաբանությամբ՝ Հայաստանի մայր օրենքում առկա հղումը 1990 թվականին ընդունված Հռչակագիրն Ադրբեջանից տարածքային պահանջներ է ենթադրում: Եթե Նիկոլ Փաշինյանն այսօր ցանկացած այլ մեկնաբանություն, որը բառացի չէ, անպատեհ է համարում, ապա տարեսկզբին հենց ինքն էր վերլուծում Հռչակագրի դրույթներն ու եզրակացնում՝ դրանք ընկալելի չեն ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև մյուս հարևանների համար:

«Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք», - ասել էր վարչապետը:

Նույն այս հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարմիր շորի և ցլի հայտնի օրինակով հայաստանցիներին զգուշացնում էր՝ Հռչակագրից չհրաժարվելու դեպքում պատերազմ է լինելու: Այսօր պնդել է, թե անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը ինքնության և ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են և Անկախության հռչակագրի ընդունման օրն այդ ինստիտուտների հետ առնչվելու առաջին փորձն էր:

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ի վերջո Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի պարտադրանքով կփոխի Սահմանադրությունը

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանին վարչապետի ելույթի հակասությունները չեն զարմացնում, ասում է՝ Փաշինյանը տարբեր փուլերում կարող է տարբեր հայտարարություններ անել, սակայն մի բան, ըստ պատգամավորի, հստակ է՝ ի վերջո Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի պարտադրանքով կփոխի Սահմանադրությունը և այնտեղից կհեռացվի Անկախության հռչակագրին հղումը:

«Ամեն դեպքում իր քաղաքականությունը նույնն է՝ Սահմանադրությունը պետք է փոխել: Ինչ բանտիկներ է կապում ինքն էդ ուղերձի վրա, բացառապես կարևոր չեն: Այո, այդ բանտիկները մեկը մյուսից տարբերվում են, բայց հիմնական իր խոսքը դա է՝ պետք է հրաժարվենք Սահմանադրությունից, պետք է հրաժարվենք Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից», - ասաց Խաչատրյանը:

Այսօրվա ուղերձի շեշտադրումները հաշվի առնելով՝ «Քաղաքացիական պայմանագրում» ի՞նչ են կարծում՝ փոխվե՞լ է արդյոք Անկախության հռչակագրի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը: Հովիկ Աղազարյանի ընկալմամբ՝ ոչ, վարչապետն, ըստ նրա, կարևորում է պատմական այդ փաստաթուղթը, բայց Աղազարյանը, մեկ է, կարծում է՝ դրան հղումը պետք է հանել նոր Սահմանադրությունից:

«Մենք էլ ունենք աշխարհում պետություններ, երկրներ, որոնք մեր հետ համակիր երկրներ են, մեզ շատ հարցերում օժանդակում են, և այդ օժանդակությունն ակնհայտ է: Մենք ինչի՞ էդ երկրների գործողությունները սահմանափակենք մեզ աջակցելու կոնտեքստում, որ Ալիևը հանդիպի այս կամ այն երկրի ներկայացուցչի հետ չասի՝ տեսեք, Սահմանադրությունով իրենք ասում են, որ Արցախը պիտի գրավեն: Մեր տեսակետն, իմ կարծիքով, այն է, որ նոր Սահմանադրություն ընդունելուց պետք չի, որ հղում անենք Հռչակագրին», - ընդգծեց Աղազարյանը:

Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի: Բայց սրանով հանդերձ մայր օրենքի փոփոխության հարցը Նիկոլ Փաշինյանը քննարկել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, նրանց ասել է, թե դա քաղաքականապես շատ ծանրաշարժ գործընթաց է, և Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին։ Նման պնդում էր արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, վարչապետ Փաշինյանի աշխատակազմից սա մինչ օրս չեն հերքել: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահ է՝ իշխանությունը մայր օրենքը փոխելու գործընթացը հայտարարած ժամկետից ավելի վաղ կսկսի:

«Ուր կհասնենք, չգիտեմ, բայց վստահ եմ, որ ավելի վատ կսկսեն, վստահ եմ՝ հետո էլ կասեն՝ դե փաստաթուղթը կա, ինչի՞ սպասենք: Որևէ բան ես չեմ բացառում, սրանք ամեն ինչի պատրաստ են գնալ», - նշեց Արթուր Խաչատրյանը:

Անկախության հռչակագրի այսօրվա շնորհավորական տեքստից դուրս չէին մնացել իրական Հայաստանի մասին վարչապետի մտքերը, դրանք ուղերձում զետեղված էին բանաստեղծության տեսքով:

XS
SM
MD
LG