Մատչելիության հղումներ

Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ։

Ընդգծելով, որ 1990-ի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ Փաշինյանը շեշտել է՝ այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին և արձանագրեց իր կամքը:

«Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և մինչև օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում: Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են», - նշել է վարչապետը՝ ընդգծելով՝ թեև Հռչակագրի 5-րդ հոդվածում նշվում է, որ զինված ուժերը, ներքին զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները ենթակա են գերագույն խորհրդին, սակայն ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի նախագահին, իսկ 2018-ի ապրիլից հետո՝ Կառավարությանը:

«Սա ուղղակիորեն և աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ», - հայտարարել է վարչապետը՝ շեշտելով՝ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության և ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են։

«Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձևեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, և մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձևերը՝ հենց այսօր, հենց հիմա», - իր ուղերձում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։

Երկրի անկախության հռչակումը տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո։ Հանրաքվեին ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Բաքուն այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր նախապայման է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։

Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ամիսներ առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ նախ, խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG