Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է ՍԴ-ն անդրադարձել Անկախության հռչակագրին. մեկնաբանում են իշխանությունն ու ընդդիմությունը


Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունից պնդում են՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, ըստ էության, արձագանքել է մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագիրը հանելու Ադրբեջանի պահանջին:

Սա խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի նախապայմաններից է, պնդում են, թե Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Ինքնիշխան երկրի ինքնիշխան Սահմանադրական դատարանն Ադրբեջանի պահանջներին արձագանքել է ու ասել է, որ Անկախության հռչակագրում տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ: Մեծ հաշվով սա դրա մասին է: Հետևաբար, Ադրբեջան, էդ քո նախապայմանը չկա, արի դե խաղաղության պայմանագիր կնքենք», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը վստահ է՝ անգամ այս որոշումից հետո Բաքուն իր պահանջից չի հրաժարվի:

Արդյոք Հայաստանի իշխանությունը նման ակնկալիք ունի, որ Բաքուն կփոխի դիրքորոշումն ու այլևս չի պնդի, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը դժվարանում է ասել. - «Ես չեմ կարող իրենք տեղը պատասխանել»:

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Բարձր դատարանը Սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննեց ընդամենը մի քանի ժամում: Իսկ երեք օր հետո հրապարակված որոշման տեքստում կենտրոնացավ ոչ թե բուն կանոնակարգի, այլ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի վրա: Արդյոք Բաքվի պահանջն է պատճառը, որ բարձր դատարանը կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս հիմնականում կենտրոնացել է Անկախության հռչակագրի վրա։ Ազգային ժողովի նախագահը տեղին չի համարում դատարանի անաչառությանը կասկածելը, բայց և հավելում է, թե ինչու են այդքան ծավալուն անդրադարձ կատարել Անկախության հռչակագրին:

«Մենք պետք է հասկանանք, որ իրավական նորմը մնում է իրավական նորմ, հռչակագիրն ու անկախությունը, սիմվոլները մնում են սիմվոլներ: Մեկը մյուսի հետ խառնելը շատ անտեղի է», - ընդգծեց Սիմոնյանը:

Բաքուն հետևողականորեն մերժում է խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներով պայմանագիր ստորագրել, չհրաժարվելով Սահմանադրությունը փոխելու իր պահանջից։ Վերջին մեկ ամսում վարչապետ Փաշինյանը տարբեր ամբիոններից հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ենթադրում, իսկ մայր օրենքի և հռչակագրի դրույթները նույնական չեն:

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատում է՝ նույն շեշտադրումները Սահմանադրական դատարանի որոշումն է պարունակում։ Չի բացառում, որ այս որոշումը հենց իշխանության հանձնարարությամբ է կայացվել՝ նաև միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ մայր օրենքը փոխելու անհրաժեշտություն չկա:

«Սահմանադրական դատարանը փորձում է բավարարել բոլոր կողմերին, բայց որտեղ ստորադասում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը: Այսինքն՝ հայ ժողովրդի շահերը ստորադասում է մնացած բոլորից», - ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հայտարարում է՝ հնարվոր իշխանափոխությունից հետո բարձր դատարանի դատավորները այսօրվա որոշման համար պատասխանատվության կկանչվեն: Պատգամավորը կարծում է՝ նրանց քայլերը հանցակազմ են պարունակում:

«Քրեական օրենսգրքով պաշտպանվող պետական, հանրային, ազգային շահերի ոտնահարմանն ուղղված գործողություններ են սրանք», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ալեն Սիմոնյանն ասաց. - «Ադրբեջանի հրահանգո՞վ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործը կարճեց»:

Սահմանադրական դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը որոշման վերաբերյալ ներկայացրել են համընկնող հատուկ կարծիքներ, իսկ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հակասող հատուկ կարծիք: Դրանք կհրապարակվեն առաջիկա օրերին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG