«Համակարգում նա յուրային է, ծանոթ է բարեփոխումների ընթացքին»․ Ներքին գործերի նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին՝ հաջողություն մաղթելով «այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով»։
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նախօրեին նշանակվեց ՆԳ նախարար՝ զբաղեցնելով պաշտոնանկ արված Վահե Ղազարյանի աթոռը։
Փաշինյանն այսօր հույս հայտնեց, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, ՆԳՆ մյուս ստորաբաժանումները նույն տեմպով ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին։
«Ինձ համար չափազանց կարևոր է նախարարության հետագա գործունեությունը խարսխել այն բոլոր որդեգրված սկզբունքների վրա, որոնք կառավարությունն ուղենիշ է ընդունել դռևս 2018 թվականից սկսած», - իր հերթին ասաց Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով բարձր վստահության համար։
30-ամյա Սարգսյանը վաղ տարիքից է պետական պաշտոններ զբաղեցրել։ 22 տարեկանում արդեն, 2016-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Արդարադատության փոխնախարարի օգնականն էր։ 2019-2022-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, համակարգելով հակակոռուպցիոն մարմինները, ղեկավարել Ոստիկանության բարեփոխումների խումբը, մասնակցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության իրականացմանը, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-ի հունվարից վարչապետ Փաշինյանի որոշմամբ նա նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2023- ին՝ Ներքին գործերի փոխնախարար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 30-ամյա Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար. ո՞վ էր նա մինչև այս պաշտոնը զբաղեցնելըՓաշինյանն այսօր շնորհակալություն հայտնեց Վահե Ղազարյանին՝ իր աշխատանքի համար՝ շեշտելով՝ լինելով ոստիկանության երկարամյա ծառայող նա շատ մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում։
Քովիդ, պատերազմ, դրանցից բխող բարդ իրադրություններ․ հենց այս բարդ շրջանում է սկսել Ղազարյանի պաշտոնավարումը՝ նկատեց Փաշինյանը՝ շեշտելով՝ նրա աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։
Վարչապետն ասաց, որ 37 տարի է ճանաչում է Ղազարյանին, մանկության ընկերներ են, որը թե՛ օգնել, թե՛ որոշ հարցերում խանգարել է։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության 10-րդ օրը Ղազարյանը Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետից դարձավ մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, ապա արդեն ոստիկանապետ էր, իսկ կառուցվածքային փոփոխություններից հետո նա նշանակվեց ներքին գործերի նախարար։ Նա պաշտոնը թողեց նոյեմբերի 18-ին։
Գործադիրի ղեկավարն էր խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները՝ նշելով, որ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել է օրեր առաջ․ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում նա դժգոհել էր մասնավորապես, իրավապահ համակարգից։
Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց 6 հրաժարականի մասին հայտարարվեց, պաշտոնները լքեցին Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ պատգամավորները խոստովանում են՝ պաշտոնանկությունների շարքն անակնկալ էր