Մատչելիության հղումներ

Գնել Սանոսյանը հրաժեշտ է տվել անձնակազմին ու հեռացել


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան, արխիվ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան, արխիվ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտ է տվել անձնակազմին ու հեռացել, հաղորդում է «Ազատության» աղբյուրը։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։

Ավելի ուշ Սանոսյանը հայտարարեց, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել և թողնում է նախարարի պաշտոնը։

«Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ», - հայտարարել է Սանոսյանը՝ առանց հեռանալու պատճառների մասին նշելու։

Կիրակի օրը հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն մի շարք պաշտոնյաններ՝ նշելով նաև Սանոսյանի անունը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Պատճառները, գործադիրի ղեկավարի փոխանցմամբ, անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին ինքը հրապարակային խոսել է։ Պաշտոնյաների անուններ հայտարարությունում գործադիրի ղեկավարը չի նշել։

Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում։

«Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այսօր առավոտյան պաշտոնը թողնելու մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ «Ազատության»-ը փոխանցեցին, որ Սասուն Խաչատրյանն է ազատման դիմում գրել։

Մամուլը գրել էր, որ առաջիկայում պաշտոնները կլքեն նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

XS
SM
MD
LG