Մատչելիության հղումներ

ԲԴԽ, ՀԿ, ՔԿ, ՊԵԿ նախագահները, ՏԿԵ, ՆԳ նախարարները լքում են պաշտոնները


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը լքում են պաշտոնները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ հաստատել էր տեղեկությունները, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները՝ նշելով՝ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել է։ Պաշտոնյաների անուններ հայտարարությունում գործադիրի ղեկավարը չէր նշել։

Օրեր առաջ կառավարության նիստին Փաշինյանը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեի 10-ամյակի առթիվ շնորհավորելով կառույցին, Փաշինյանը հայտարարել էր՝ «արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել»։

Անցած շաբաթ՝ 2025 բյուջեի քննարկմանը վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի Հարկային օրենսգիրքը ապապետական է:

«Մենք պետք է ունենանք նոր Հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է Հայաստանի պետական շահերին», - ասել էր Փաշինյանը:

Դրանից ամիսներ առաջ՝ օգոստոսի ասուլիսում, մինչդեռ, գործադիրի ղեկավարը հայտարարել էր․ - «2019 թվականից մենք համահարթ եկամտային հարկի համակարգին ենք անցել, և ես կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, և այդ համակարգը փոխելու պատճառ չեմ տեսնում»։

Նոյեմբերի 11-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը Փաշինյանն արձանագրել էր՝ տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է, բայց դեռ շատ անելիքներ կան։

Փաշինյանը նախ գոհունակություն էր հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, միևնույն ժամանակ արձանագրել՝ Հայաստանում խոշորացման շատ մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց այստեղ էլ ոչ բոլոր հարցերի պատասխաններն են տրված։

Գործադիրի ղեկավարը նաև շեշտել էր՝ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև։

XS
SM
MD
LG