Մատչելիության հղումներ

30-ամյա Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար. ո՞վ էր նա մինչև այս պաշտոնն զբաղեցնելը


Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար՝ զբաղեցնելով պաշտոնանկ արված Վահե Ղազարյանի աթոռը։

Սրանից մի քանի ամիս առաջ Արփինե Սարգսյանը հայտարարել էր. - «Նախարարն իր տեղում է և շարունակում է իրականացնել իր պարտականությունները, որևէ հրաժարականի մասին խոսք լինել չի կարող»:

Այս պաշտոնում Սարգսյանը համակարգելու է Ոստիկանության, փրկարար ու միգրացիոն ծառայությունները:

30-ամյա Սարգսյանը՝ նախքան Ներքին գործերի նախարարություն հասնելը վաղ տարիքից է տարբեր պետական պաշտոններ զբաղեցրել։ 22 տարեկանում 2016-ին, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, արդեն Արդարադատության փոխնախարարի օգնական էր։ 2019-2022-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, համակարգելով հակակոռուպցիոն մարմինները, ղեկավարել Ոստիկանության բարեփոխումների խումբը, մասնակցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության իրականացմանը, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-ի հունվարից վարչապետ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2023- ին՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ։

Սարգսյանը, որ փոխնախարարի պաշտոնում հաճախ էր խոսում օրենքի գերակայության, ոստիկանության բարեփոխման, ուժի կիրառման ստանդարտների ներդրման կարևորության մասին, արդարացնում էր ոստիկանության գործողությունները, մասնավորապես, երբ հունիսի 12 -ին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հատուկ միջոցների կիրառման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի վիրավորվեց։

«Ոստիկանությունն ունի հնարավորություն գնահատելու տվյալ իրավիճակն ու հասկանալու, թե իր արսենալում գտնվող ինչպիսի միջոցներն են, որ տվյալ դեպքում անհրաժեշտ ու բավարար կլինեն՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու», - ասել էր Սարգսյանը, որ փոխնախարարի պաշտոնում նաև հրաժարվել էր գնահատել ոստիկանների գործողությունները, երբ կարմիր բերետավորներն անցած մայիսին հենց տեսախցիկների առջև ընդդիմադիր պատգամավորի էին ծեծի ենթարկել։

Սարգսյանը արդարացնում էր ոստիկանության գործողությունները, երբ նրանք մայիսի 28 -ին պատ կազմելով փակել էին Ամենայն հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Ի դեպ, Արփինե Սարգսյանը խորհրդարան բերված վիճահարույց՝ հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման օրինագծի ջատագովներից էր։ Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագիծը, որը պարտադրում էր տնտեսվարողներին 24 ժամ տեսահսկում ապահովվել և ոստիկանության համար էլ օնլայն ռեժիմով հասանելիություն ապահովել, սառեցվեց նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշման ներքո, քանի որ այդ օրինագիծը խոչընդոտում էր անձնական կյանքի և այլ իրավունքներին։

Նախագահն արդեն ստորագրել է Սարգսյանի նշանակման հրամանագիրը։

Այսօր հայտնի դարձավ ևս մեկ նոր նախարարի թեկնածուի մասին։ Պաշտոնանկ արված Տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանին այդ պաշտոնում կփոխարինի Արմավիրի մարզպետ 33-ամյա, ՔՊ ական Դավիթ Խուդաթյանը:

XS
SM
MD
LG