Կառավարության այսօրվա որոշումներով՝ պաշտոններից ազատվել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Նախօրեին Արգիշտի Քյարամյանը, Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեցին, որ լքում են պաշտոնները։
Նախագահն այսօր ավելի վաղ ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի պաշտոններից ազատվելու մասին հրամանագրերը:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները՝ վստահեցնելով՝ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։
Կառավարության նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։