Մատչելիության հղումներ

Փաշինյանը հաստատում է՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ախիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ախիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Փաշինյանը նշել է, որ պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել է։ Պաշտոնյաների անուններ հայտարարությունում գործադիրի ղեկավարը չի նշել։

Կիրակի օրը հայաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը

Կառավարությունից երեկ չարձագանքեցին այս հրապարակումներին։

Այսօր առավոտյան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքում գրեց, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից և հայտարարել ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից հրաժարվելու մասին՝ շեշտելով՝ խորքային պատճառները չի ցանկանում նշել։

«Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ», - գրել է 2022-ի հոկտեմբերից ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած Անդրեասյանը՝ շարունակելով․ - «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»:

Անդրեասյանի հայտարարությունից րոպեներ անց Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Սասուն Խաչատրյանն է ազատման դիմում գրել՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Խաչատրյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի սեպտեմբերից։

Ըստ «Ազատության» աղբյուրի՝ այսօր անձնակազմին հրաժեշտ է տվել ու հեռացել նաև 2021-ի օգոստոսից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը։

Երկու օր առաջ կառավարության նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն հայտնեց իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում։

«Սա չի կարող շարունակվել, իմ համբերության բաժակը լցվել է», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG