Երևանի ավագանու երեք ընդդիմադիր անդամ հնարավոր է զրկվեն մանդատից. հարցը ներառված է առաջիկա երեքշաբթի կայանալիք նիստում: Նախաձեռնության հեղինակները պատճառաբանում են, թե նրանք բացակայել են նիստերից ու քվեարկություններից: Թիրախում հայտնվածները, սակայն, սա կապում են իրենց քաղաքական հայացքների և քաղաքապետ Ավինյանի իմփիչմենթի գործընթացի հետ, որը մտադիր են հոկտեմբերին սկսել:
«Եվ սա հստակ քաղաքական հաշվեհարդար է իմ ելույթների, այս պահին նախապատրաստվող իմփիչմենթի, ինչու ոչ, և Տիգրան Ավինյանի վախերի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը:
Մանդատներից զրկելու նախագծերը ներկայացրել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հանրային ձայն»-ը, որ փաստացի իշխանության հետ կոալիցիա չի կազմել, սակայն սատարում է իշխանականներին տարբեր քվեարկությունների ժամանակ։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարին մանդատից զրկելու նախագիծը կազմել է իշխող թիմի ավագանու անդամ Մարատ Թոխյանը, ով պնդում է՝ ընդդիմադիրը բացակայել է թե՛ ավագանու, թե՛ իրավական հանձնաժողովի նիստերի մեծ մասից։
«Ես չեմ լսել իր հայտարարությունը, որ ինքը իրավական հանձնաժողովի նիստերից բացակայում է՝ դա անվանելով քաղաքական բոյկոտ: Ինքը ոչ մի պատճառաբանություն չի տվել, և ես դա չեմ կարող անվանել քաղաքական բոյկոտ, որովհետև եթե քաղաքական բոյկոտ է, երևի թե մյուս իրենց խմբակցության անդամները նույնպես չպետք է գային», - «Ազատությանը» ասաց Թոխյանը:
Մինչդեռ Երիցյանը պնդում է՝ բացակայել է իրավական հանձնաժողովի նիստերից, որ չլեգիտիմացնի իշխող թիմի որոշումները։ Կա նաև այլ պատճառ. - «Ես հայտարարել եմ, որ այն պահից, երբ դադարեցվեցին մեր քաղաքական լիդերի լիազորությունները այդ հիմքով և այլ ավագանու անդամների, ես ի համերաշխություն նրանց՝ չեմ ենթարկվել շանտաժի լեզվին ու հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու հանձնաժողովի նիստերին։ Թող ինձ էլ, եթե հեռացնելու են, այդ ճանապարհով հեռացնեն, ինչը որ իրենք փաստորեն պլանավորում են անել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանի ավագանին դադարեցրեց Հայկ Մարությանի լիազորություններըԱմիսներ առաջ էլ իշխանականները դադարեցրել էին Երիցյանի թիմակից, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ու ևս երկու ընդդիմադիրների լիազորությունները՝ գրեթե նույն հիմքով՝ անհարգելի բացակայել են նիստերից։ Հիմա էլ հերթը հասել է իրենց, ասում է Երիցյանն ու պնդում՝ կա քաղաքական առևտուր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը պայմանավորվել է «Հանրային ձայն»-ի հետ։
«Եթե մեկ ձայնով «Հանրային ձայն»-ը, իր ղեկավարով, աջակցի ինձ մանդատազրկելուն, «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ կաջակցի «Հանրային ձայն»-ին իր այդ երկու հոգուն՝ անկախ այս պահին ավագանիներին, մանդատազրկելուն։ Այսինքն՝ նման քաղաքական առևտուր են արել, և երկուսին էլ ձեռք է տալիս, որ այս երեք ավագանու անդամները կոնկրետ լիազորություններից զրկվեն», - ընդգծեց Երիցյանը:
Վերջինիս մանդատից զրկելու նախագծի հեղինակ Թոխյանը, սակայն, հերքելով քաղաքական դրդապատճառները՝ տարակուսում է՝ Երիցյանին փոխարինելու կգա նրա մեկ այլ թիմակից, ի՞նչ հաշվեհարդարի մասին է խոսքը։
«Ի՞նչ իմաստ ունի, ասենք, այդ շանտաժ բառը ես ընդհանրապես չեմ ընկալում այս դեպքի [հետ կապված], ինչ-որ քաղաքական ճնշում՝ իմաստ չկա այդ քաղաքական ճնշման», - ասաց ավագանու իշխանական անդամը:
Մանդատից զրկվելու վտանգի առաջ կանգնած ավագանու մյուս անդամների դեպքում, սակայն, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ավագանու անկախ անդամ Անյուշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին հեռացնելու նախագիծ է ներկայացրել նրանց երբեմնի հարազատ «Հանրային ձայն»-ի ղեկավարը, որի ցուցակով էլ նրանք ընտրվել էին: Ավագանիում 7 ձայն ունեցող ուժը, սակայն, ընտրություններից հետո պառակտվեց. մի կողմում իշխանությունների նկատմամբ առավել մեղմ դիրքորոշում ունեցող Վահան Ավագյանն է, մյուս կողմում՝ կոշտ քննադատ Վարդան Ղուկասյանը: Մանդատից զրկվողները հենց Ղուկասյանի թևից են, նրանց փոխարեն ավագանի կգան արդեն մյուս՝ իշխանական նախագծերին հաճախ սատարող խմբի անդամները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի երկու անդամներ դուրս եկան խմբակցությունից, ևս մեկը վայր դրեց մանդատըՀՁ-ի ղեկավարը հաստատում է՝ քննչականում եղել է, Վարդան Ղուկասյանի գործողությունը «տեռոր» է որակում «Վաղվանից մենք բոյկոտում ենք ավագանու բոլոր նիստերը»․ Վարդան ՂուկասյանԱյս պահին ընդդիմադիրներն ունեն Ավինյանին հեռացնելու համար անհրաժեշտ թվով ձայներ, բայց եթե մանդատներից զրկելու այս նախագծերը որոշում դառնան, և ավագանու կազմից հեռացվեն ավագանու երկու անկախ անդամները, իմփիչմեթը կտապալվի։
«Նրանք վաղուց էին խմորում այս ամեն ինչը, որպեսզի մեզ հանեին, հոկտեմբերի 10-ին լրանում է նրանց անվստահության քվե հայտնելու ժամանակը, նրանք նախօրոք հանեցին մեզ՝ ինձ և Անուշ Գինոսյանին, որպեսզի հետևից գա «Հանրային ձայն»-ը, քանի որ նրանք արդեն վաղուց վաճառված են, չապահովենք այդ քվեները», -«Ազատության» հետ զրույցում պնդեց Անյուշ Խուդավերդյանը:
Տեղական ինքնակառավարման ոլորտն ուսումնասիրած Լևոն Բարսեղյանն այլ փաստարկ է բերում՝ բացակայությունը քաղաքական բոյկոտի ձև է, որի իրավունքը բոլորը ունեն: Նա պնդում է՝ այս օրենքը բացեր ունի:
«Չի կարելի օգտագործել մարդկանց բողոքը, բողոքի հիման վրա բացակայությունը, կամ բողոքով չքվեարկելը նրանց այդ լիազորությունից զրկելու համար: Իշխող քաղաքական ուժը ուղղակի որոշում է, որ քանի որ ինքը կայուն մեծամասնություն չունի, շատ հարմար եղանակ է այդ մարդկանց հախից այդպես գալու, մանդատից զրկելու», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բարսեղյանը:
Մինչ իշխանականները պնդում են, որ իրենք օրենքի տառին են հետևում, ընդդիմախոսները հիշեցնում են հեղինակավոր Freedom House-ի՝ ամիսներ առաջ հրապարակված զեկույցը, որտեղ քննադատվել էր տեղական իշխանությունը կոնսոլիդացնելու, ընդդիմադիր համայնքապետերից ազատվելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է