Մատչելիության հղումներ

«Մայր Հայաստան» խմբակցության բողոքի ակցիան՝ ավագանու նիստի ընթացքում


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի նոր նախագծի քննարկման ժամանակ բողոքի ակցիա իրականացրեց։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ մյուս անդամները ևս մոտեցան ամբիոնին՝ «ոչ թանկացման» և նմանատիպ այլ գրառումներով պաստառներով։

«Երևանի փոքրամասնության իշխանությունը որոշել է լրացուցիչ ֆինանսական բեռ դնել քաղաքացիների վրա, գինը շեշտակի թանկացնում են», - ասաց Սուքիասյանը՝ տեղեկացնելով, որ քվեարկությանը չեն մասնակցելու։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շուտով կայքում կհրապարակեն հաշվիչ, որը թույլ կտա ֆինանսական տեսանկյունից պլանավորել հանրային տրանսպորտից օգտվելը:

«Վստահեցնում եմ՝ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնց մասին բարձրաձայնվում է, իրականությանն ուղղակի չեն համապատասխանում», - ասաց նա։

Ընդդիմադիր մյուս՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ևս դեմ է տրանսպորտի գնի փոփոխությանը, ավելի վաղ լրագրողներին ասել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ում Երևանի ավագանին մեկ ամիս առաջ զրկեց նաև մանդատից։

Մեկ ամիս առաջ քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտի թանկացման նախագիծ, որը խիստ քննադատության արժանացավ թե՛ գների բարձր լինելու, թե՛ տարբեր ժամկետներում երթևեկության քանակների սահմանափակումների պատճառով: Նախագիծը հանվեց Երևանի ավագանու նիստի օրակարգից՝ այն լրացուցիչ քննարկելու խոստումով:

Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ ներկայացրեց նախագծի փոփոխված տարբերակը․ նախատեսվում է նախորդի համեմատ գների իջեցում, ինչպես նաև տվյալ ժամկետում անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Նախատեսվում է՝ 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր, խոստանում է իշխանական խմբակցությունը։

XS
SM
MD
LG