Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության լիդեր Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների մանդատից զրկելու՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «իր կցորդների» որոշումը «բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից»: Այս մասին գիշերը հայտարարել է ընդդիմադիր խմբակցությունը՝ պնդելով, որ այդ գործողությունը «իրավական և քաղաքական առումով թերի» է:
«Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարհում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն», - ասված է «Ազգային առաջընթաց» խմբակցության հայտարարությունում:
«Ժամանակն ապացուցեց, որ օրվա իշխանությունը թքած ունի իր հռչակած հեղափոխական արժեքների վրա և առաջնորդվում է բացառապես նեղ խմբակային շահերով։ Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ, մեկն է՝ հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա արդեն իսկ չափազանց թանկ նստած պսևդոքաղաքապետին», - հայտարարում է ընդդիմադիր խմբակցությունը:
Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։