Մատչելիության հղումներ

«Հանրային ձայն»-ը դադարեցնում է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը


Վարդան Ղուկասյան, արխիվ
Վարդան Ղուկասյան, արխիվ

«Հանրային ձայն»-ը դադարեցնում է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը՝ նաև Ռուսաստանի քաղաքացի լինելու հիմնավորմամբ, հայտարարում, որ կուսակիցներն ու Երևանի ավագանու անդամները չպետք է կատարեն նրա ցուցումները։ Ղուկասյանն, ապօրինի համարելով իր հեռացումը, կուսակցականների համագումար է հրավիրում՝ վարչության նոր կազմ ձևավորելու և կողմնորոշվելու համար՝ ի՞ր՝ պատվավոր նախագահի, թե՞ կուսակցությունը ղեկավարող Արտակ Գալստյանի հետ են։

«Ես երկքաղաքացի եմ։ Արտակ Գալստյանը որ թղթերը տարել ա պետական ռեգիստր և գրանցել ա «Հանրային ձայն» կուսակցությունը, էն ժամանակ Վարդան Ղուկասյանը էղել ա ՌԴ քաղաքացի։ Էդ նոր իմացան, որ ես ՌԴ քաղաքացի էի՞», - հայտարարեց Ղուկասյանը։

Հենց «Հանրային ձայն»-ը դարձավ Երևանի ավագանու վերջին ընտրությունների «քինդեր սյուրպրիզը»։ Ընդամենը երկու տարի առաջ նույն լիդերներով 1 տոկոս հավաքած «Հայոց Հայրենիք»-ը «Հանրային ձայն» դարձավ ու Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններում արդեն 10 տոկոսով ոչ միայն անցավ ավագանի, այլև վճռորոշ դերակատարություն ունեցավ քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրության հարցում։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը մեծամասնություն չէր ստացել, ու քաղաքապետ ընտրելու համար առաջին նիստն անցկացնելու քվորումի խնդիր կար։ Ղուկասյանի առաջնորդած ուժը որոշեց ոչ թե ընդդիմադիրների բոյկոտին միանալ, այլ՝ մասնակցել իշխանության համար կարևոր այդ նիստին։

Մի անգամ էլ այդքան կարևոր քվորումը «Հանրային ձայն»-ն իր մասնակցությամբ ապահովեց, երբ իշխանությունը առաջարկում էր ավտոկայանատեղիների վարձավճարների կտրուկ բարձրացում։

«Հանրային ձայն»-ի լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա», - «Հանրային ձայն»-ի շուրջ այս աղմուկին արձագանքելով՝ գրել է Հայկ Մարությանը, որն ընդդիմության քաղաքապետի թեկնածուն էր։ Նրան սատարելու համար Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանում վերահսկողական պաշտոններ էր պահանջում, ինչի շուրջ համաձայնություն այդպես էլ չկայացավ։ Տապալված այդ բանակցությունից շահած դուրս եկավ իշխանությունը։

Ըստ Մարությանի՝ թե հիմա ինչու են միմյանց հայհոյում, որն է ներկուսակցական գզվռտոցի իրական պատճառը, իրենց չի հետաքրքրում. - «Քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է»։

Թե՛ Ղուկասյանը, թե՛ Գալստյանը մեղադրվում են հանցավոր խմբով մարդկանցից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար, ըստ իրավապահների՝ նրանք դա արել են նաև վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով։

Մինչ Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելը կալանքից ազատվեց հանցավոր խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու համար մեղադրվող «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը։ Իշխանությունը միաբերան հերքում էր, թե քաղաքական առևտուր է տեղի ունեցել։ Ավագանու կազմում ընտրված Արտակ Գալստյանը դեռ կալանքի տակ է։

Քաղաքապետի ընտրություններում «Հանրային ձայն»-ի դերակատարության հարցում կուսակցության լիդերներ Ղուկասյանի և Գալստյանի միջև հակասություն չկար։

Բայց հիմա ծանր հանցանքների համար հետախուզվող, իր հայհոյախառն եթերներով ու «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը պնդում է՝ իշխանությունն առաջիկա ընտրությունների պատճառով է ուզում պառակտել իրենց կուսակցությունը. - «Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին իրա պատկերացմամբ, Արտակ Գալստյանին ասում ա էդ կուսակցությունը պայթացրա, քայքայի, ոնց կարաս»։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից «Ազատություն»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Վարդան Ղուկասյանի մեղադրանքների վերաբերյալ, նա հայտարարեց՝ ինքն ընդհանրապես չի ցանկանում անդրադառնալ «Հանրային ձայն»-ին առնչվող որևէ հարցի։

«Ընտրություններ կլինեն 2026 թվականին», - հայտարարեց Պապոյանը։

Իշխանությունը միաբերան հերքում է արտահերթ ընտրության գնալու ծրագրերը։ Իսկ ընդդիմախոսները պաշտոնանկությունների առատությամբ ուղեկցվող վարչապետի մարզային այցերին ու նրա ղեկավարած ՔՊ-ի՝ վերջին շրջանի կուսակցական աննախադեպ ակտիվությանը հղում անելով, շատ հավանական են համարում հեռանկարը։

Կարճ ժամանակում քաղաքական գործոն դարձած «Հանրային ձայն»-ի հետ կոալիցիա ՔՊ-ն Երևանի ավագանիում չկազմեց, բայց երբ մեծամասնություն չստացավ, առանց նրանց դերակատարության չկարողացավ գալ իշխանության։

«Նոր թափով, նոր ուժով». - եթե կուսակցականները չմնան իր կողքին, հետախուզման մեջ գտնվող և սոցցանցերում հազարավոր հետևորդներ ունեցող Վարդան Ղուկասյանը սպառնում է նոր քաղաքական պլատֆորմ ստեղծել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG