Տրանսպորտի միասնական տոմսային համակարգը սեպտեմբերի 1-ից կներդրվի։ Նախագիծը այսօր 32 կողմ, 2 դեմ և զրո ձեռնպահ ձայներով ընդունվեց։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը» դուրս եկան դահլիճից՝ բոյկոտեցին, որպեսզի քվորում չլինի, սակայն «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամները մասնակցեցին և դեմ քվեարկեցին։ Անկախ նրանից, որ նրանք դեմ քվեարկեցին, նախագիծն ընդունվեց։
Առավոտյան Երևանի քաղաքապետարանի դռների առջև էր նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրան իր նախկին խմբակցության՝ «Ազգային առաջընթացի» անդամներն էին հրավիրել որպես փորձագետի, որպեսզի դահլիճում ելույթ ունենար։ Հայկ Մարությանի պնդմամբ՝ տրանսպորտի ուղեվարձը չպետք է թանկանա, լուծումը սուբսիդիան է։ Նրան, սակայն, արգելվեց վերև բարձրանալ։
Մեկ ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Հայկ Մարությանը զրկվեց ավագանու մանդատից։ Նրա թիմակիցները բարձրացան վերև և փորձեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանից ճշտել՝ ինչու նրան չի թույլատրվում ներկա գտնվել։ Այդ հարցերն անպատասխան մնացին։
«Դուք երկու ֆրակցիաներով որդեգրել եք ամենաանկառուցողական հնարավոր մոտեցումը։ Իսկ ո՞վ է ասել, որ ձեզ հետ առհասարակ պետք է հաշվի նստենք, եթե ձեր մոտեցումներն այսպիսին են», - ընդդիմադիրներին դիմելով՝ ասաց Ավինյանը, - «Եթե մոտավորապես սրանք են ձեր մոտեցումները բոլոր հարցերի վերաբերյալ, միտինգի չեք էլի, ժողովո՛ւրդ ջան, սա Երևանի ավագանու նիստն է։ Խնդրում եմ մեզ անընդհատ սրա մեջ մի վերադարձրեք, որովհետև իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել»։
Հայկ Մարությանը մեկ առաջարկ էլ ուներ. - «Ունենում են քարտ մարդիկ, լիցքավորում են, ինչքան ուզում են՝ 500 դրամ, 1000, 2000 դրամ և ամեն անգամ մտնելիս հպում ես, և քո այդ հաշվից 100 դրամ տարվում է»։
«Մեկ հպումով 100 դրամ գանձվի, էլ փաթեթների իմաստը ո՞րն է», - արձագանքում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Մենք շարունակում ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտի ոլորտը։ Այո, ավելի նվազ չափով, բայց շարունակում ենք։ Կարո՞ղ ենք արդյոք ամբողջ այս գումարներն ուղղել տրանսպորտին, այո, կարող ենք, իհարկե, կարող ենք ոչ մի ծրագիր չանել, սաղ կյանք նստենք, տրանսպորտ սուբսիդավորենք բոլորով միասին, ասենք՝ դե ժողովո՛ւրդ ջան, էս ա, եկեք պահենք 97 թվի մասնավոր տրվող 100 դրամը», - իր հերթին ասաց քաղաքապետ Ավինյանը։
Տրանսպորտի բոլոր միջոցներից օգտվելու համար քաղաքային իշխանությունը երեք տարբերակ է առաջարկում՝ 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա փաթեթը, 23 հազար 600 դրամ՝ 90 օրվա փաթեթը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ, բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Բայց օրական տոմս ևս կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Քաղաքացիներն ասում են՝ 90 րոպեի ընթացքում անգամ 2-3 տեղափոխումով չեն կարող տեղավորվել՝ ժամանակը կսպառվի։
Մեկ ամսվա փաթեթը գնելու դեպքում գնալ-գալու համար ուղևորը կճարի 293 դրամ, այսինքն՝ մեկ ուղղությունը 146 դրամ կլինի։ Այս դեպքում նախկին 100-ի փոխարեն կվճարեն 46 դրամով ավելի: Նախագծի հեղինակներն ասում են՝ գուցե քաղաքացին այնքան հաճախ է օգտվում տրանսպորտից, որ իր մեկ անգամվա ուղեվարձը կրկին 100 կամ 80 դրամ է կազմում։ Ընդդիմությունն ասում է՝ «սա կլասիկ խաբեություն է»։ Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունն ավագանու նիստի ընթացքում բողոքի ակցիա իրականացրեց։
Քաղաքային իշխանությունն ասում է՝ հարյուր դրամով հնարավոր չէ սպասարկել այս նոր ավտոբուսները: 30 նոր ավտոբուս արդեն շահագործվում է, նոր շարժակազմն այս պահին 878-ն է: Ասացին՝ մինչև սեպտեմբեր 8.6 երկարությամբ 170 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս դուրս կգա երթուղի:
«Եթե չհասցնենք ամբողջությամբ ավարտին հասցնել բարեփոխումների փուլը, ինչը մենք նախատեսում ենք, իհարկե այդ փոփոխությունները չեն լինելու։ Իսկ անցումը տոմսային համակարգին մենք նախատեսել ենք սեպտեմբերի 1-ին»,- իշխանականների պնդումն է: