Կարմիր գծերի թանկացման արդյունքում ուղղակի հարուստները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, իսկ միջին երևանցու վիճակը ավելի կվատթարանա, Երևանի ավագանու նիստին ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը։
Նախկին քաղաքապետը երկարատև ընդմիջումից հետո էր նիստին մասնակցում։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ խմբակցության բոլոր նիստերին մասնակցում է, իսկ ավագանու նիստերին երբեմն ներկայանալու հնարավորություն չի ունեցել։
Հայտարարեց՝ այս նախագծով քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան, ու «ՔՊ-ականները հնարավորություն կունենան մյուս տարի ավելի ճոխ սալյուտ խփել»:
«Ոչինչ, որ տրանսպորտային պրոբլեմը, քաղաքի բեռնաթափման պրոբլեմը էդպես էլ չլուծված կմնա», - նշեց նա՝ հավելելով, որ այդ փոփոխությունը պետք է ձեռնարկվեր միայն հանրային տրանսպորտի վիճակը կարգավորելուց հետո։
«Էդ ինչպե՞ս եղավ, որ դուք Կարմիր գծերի թանկացման որոշումն ընդունեցիք ընտրություններից անմիջապես հետո։ Ինչո՞ւ ընտրությունների շրջանում դրա մասին չէիք խոսում։ Պարզ է, չէ՞ ինչու։ Նույն պատճառով, որով 2021-ի ընտրություններից առաջ չէիք խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին», - ասաց Մարությանը։
Այսօր ավելի քան 2 ժամ թեժ քննարկումից հետո 32 կողմ և 3 դեմ ձայներով ավագանին ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը, որի համաձայն՝ Երևանի կենտրոնում կայանելու համար տարեկան 12 հազարի փոխարեն վարորդները կվճարեն 160 հազար դրամ՝ 13 անգամ ավելի:
Իր ելույթում Երևանի նախկին քաղաքապետը նաև ամանորյա, քաղաքապետի երդմնակալության ճոխ ծախսերի համար քննադատեց իշխանություններին։
«Այս տարի, օրինակ, միա՛յն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է 89 միլիոն դրամ։ Այսինքն, դա մնայուն ծախս չի, մեկանգամյա էֆեկտ ունի», - նկատեց նա։
Երբ Մարությանը ցանկանում էր ելույթի ժամանակից ավելին էլ օգտագործել՝ նշելով, որ նախկին ելույթների ժամանակը չեն օգտագործել, քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. - «Չէ, պարոն Մարության, սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, կոնկրետ հարց ենք քննարկում»։
Նա հորդորեց անջատել Մարությանի խոսափողը։