Տարաձայնություններ, դժգոհություն, հիասթափություն․ Ադրբեջանի հյուրընկալած COP29-ը վաղն ավարտվում է, սակայն կլիմայի գլոբալ ֆինանսավորման մասին համաձայնագրի վերջնական տեքստը դեռ չկա։ Համաժողովի մասնակից երկրները մեկը մյուսի ետևից քննադատում են նախնական տեքստը, որն ուշացումով ստացվեց այսօր առավոտյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուտերեշը կոչ է արել Բաքվում գործարք կնքելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելԲանակցությունները գլխավորող Բաքվին չի հաջողվում ընդհանուր հայտարարի բերել մասնակիցներին և պայմանավորվել համաժողովի գլխավոր նպատակի շուրջ՝ ավելի հարուստ ու զարգացած երկրները որքան գումար կտրամադրեն աղքատ երկրներին՝ պայքարելու կլիմայի փոփոխությունների դեմ։
Լրատվամիջոցների համաձայն, հիմնական՝ 10-էջանոց փաստաթուղթը տարաձայնությունների արդյունքում կիսով չափ կրճատվել է, սակայն, պահպանված կետերի շուրջ էլ չկա վերջնական համաձայնություն: Մինչև այս պահը, ըստ Reuters-ի, նախագծում դեռևս կան տողեր, որտեղ հարցական նշաններ են դրված: Associated Press-ի համաձայն, սա նշանակում է, որ հարուստ երկրները բանակցություններում դեռևս առաջարկ չեն ներկայացրել:
AP-ն գրում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկների փաթեթը դեռ մեկ հարցում է կարողացել միավորել հավաքի մասնակիցներին՝ բոլորի մոտ նույն զգացմունքներն են՝ անհանգստություն և պարզապես զզվանք:
Your browser doesn’t support HTML5
«Փաստաթուղթը ներկայիս տեսքով ակնհայտորեն անընդունելի է», - հայտարարել է Եվրամիության կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հոկստրան:
Պանամայի գլխավոր բանակցող Խուան Կարլոս Մոնտերեյ Գոմեսը Reuters-ի հետ զրույցում ավելի կոշտ է արտահայտվել՝ պնդելով, որ հավաքը վերածվել է «կլոունադայի»․ վերջին րոպեներին են մոտենում, բայց ստացված փաստաթուղթը պարզապես թույլ է։
Իռլանդիայի բնապահպանության նախարար Էամոն Ռիյանն իր հերթին է քննադատել մասամբ համաձայնեցված փաստաթուղթը. - «Այն, ինչ ներկայացվել է այսօր, հավասարակշռված չէ և չի արտացոլում անհետաձգելի գործողությունների իրական պահանջը»:
Տնտեսագետների գնահատմամբ՝ զարգացող երկրները տարեկան առնվազն մեկ տրիլիոն դոլարի կարիք ունեն առաջիկա վեց տարիներին՝ կլիմայի փոփոխությունները հաղթահարելու համար։ Մինչդեռ Բաքվի ներկայացրած փաստաթղթերի փաթեթում, դրանց բովանդակությանը ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, խոսք չկա՝ ինչ է արվելու հանածո վառելիքի կրճատման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծայրահեղ երկերեսանիություն է ՄԱԿ-ի կլիմայի համաժողովն Ադրբեջանում անցկացնելը. Թունբերգը՝ ԵրևանումԳլոբալ ջերմացումը, որը հատկապես վերջին տասնամյակի ընթացքում մահաբեր աղետների՝ ջրհեղեղների, փոթորիկների, երաշտների, ծայրահեղ շոգերի է հանգեցրել, ըստ մասնագետների, մարդու տնտեսական գործունեության՝ հանածո վառելիքի այրման, ջերմոցային գազերի արտանետումների հետևանք է։ Կլիմայաբանների կանխատեսումներով՝ իրավիճակը չփոխելու դեպքում է՛լ ավելի աղետալի զարգացումներ կարող են տեղի ունենալ արդեն 2030 թվականի սկզբներին։
Մինչդեռ նավթով ու գազով հարուստ Ադրբեջանի նախագահը COP29- ի հենց առաջին օրը ելույթում խոսեց ոչ թե հանածո վառելիքից հրաժարվելու մտադրությունների մասին, այլ դատապարտեց բոլոր նրանց, ովքեր քննադատում են Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը։ «Այդ ռեսուրսները Ադրբեջանը պարգև է ստացել Աստծուց», - պնդեց Իլհամ Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COP29. Ալիևից մեղադրանքներ Հայաստանին, սկանդալ՝ առաջնորդների մասնակցությամբ