Փարիզը բոյկոտեց կլիմայական համաժողովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա աղմկահարույց հայտարարությունների պատճառով։
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր - Ռունաշերը երեկ երեկոյան Սենատում հայտարարեց, թե նախագահի և վարչապետի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է չեղարկել նախատեսված այցը Բաքու՝ միաժամանակ շեշտելով, որ պաշտոնական Փարիզի հասցեին Ալիևի մեղադրանքներն «անընդունելի են»։
Աշխարհում որպես բռնապետ հայտնի Իլհամ Ալիևը, որի առաջնորդած երկրում ավելի քան երեք հարյուր քաղբանտարկյալ կա, երեկ Եվրամիության առաջատար երկիր Ֆրանսիայի իշխանություններին էր մեղադրում «մարդու իրավունքների ոտնահարումների», «հանցագործությունների», «սպանությունների» մեջ։
Ալիևը Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող Նոր Կալեդոնիայի անկարգություններն էր մատնացույց անում և պնդում, թե Մակրոնի կառավարությունն ընդդիմադիր ցույցերի 13 մասնակից է սպանել, բազմաթիվ ցուցարարների էլ ձերբակալել։
Ֆրանսիան վաղուց է Ադրբեջանի իշխանություններին մեղադրում Նոր Կալեդոնիայում ստվերային գործունեության՝ մասնավորապես ցույցեր հրահրելու, դրանց աջակցելու համար, որի անջատական առաջնորդների հետ Ալիևի վարչակազմն ավելի վաղ կապեր է հաստատել։ Անցած ամիսներին մի շարք անկախ հետաքննություններ փաստել են, Ալիևի կուսակիցներն են ներգրաված եղել լայնածավալ ու համակարգված ապատեղեկատվության քարոզարշավում՝ տարածելով կեղծ, մոլորեցնող տեսանյութեր ֆրանսիական տարածքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
Ֆրանսիայի բնապահպանության նախարարը երեկ պնդում էր՝ Ադրբեջանի առաջնորդն իր երեկվա հարձակումներով կոպտորեն խախտել է էթիկայի կանոնները, որոնք սովորաբար գերակայում են ՄԱԿ-ի կլիմայական հավաքներում։
«Բաքվում մեկնարկած COP29-ի ընթացքում Նախագահ Ալիևի խոսքերն, ընդդեմ Ֆրանսիայի և Եվրոպայի, անընդունելի են։ Ադրբեջանի ղեկավարը կլիմայի փոփոխության դեմ պայքարը իր ամոթալի անձնական օրակարգի համար է օգտագործում», - նշել է Ագնես Պանիեր - Ռունաշերը:
Ֆրանսիացի սենատորը պնդում է՝ Փարիզը բոյկոտով չպետք է սահմանափակվի
Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի հավաքը բոյկոտելու Փարիզի որոշումը Ֆրանսիայի սենատում ծափահարություններով ընդունվեց։ Ֆրանսիացի օրենսդիրները շաբաթներ շարունակ Մակրոնի կառավարությունից հենց դա էին պահանջում, երեկ սենատոր և բնապահպան Յաննիկ Ժադոն հայտարարում էր՝ ողջունում է այդ քայլը, բայց դա էլ բավարար չէ:
«Սա առաջին դեպքն է, երբ բնապահպանական ուժերը կոչ են անում բոյկոտել կլիմայական համաժողովը։ Մենք հասկանում ենք միջազգային համագործակցության կարևորությունը, բայց մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրած, Հայաստանին սպառնացող ռեժիմը COP-ը օգտագործում հանածո վառելիք առաջ մղելու համար։ Այժմ էլ նախագահ Ալիևը Ֆրանսիային է վիրավորում», - ընդգծել է նա։
Ֆրանսիացի սենատորը պնդեց՝ Փարիզը բոյկոտով չպետք է սահմանափակվի, հաջորդ քայլը պետք է դառնա ֆրանսիական էներգետիկ հսկա TotalEnergies-ի ադրբեջանական բիզնես նախագծի կասեցումը։
Չնայած Բաքվի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությանը, ֆրանսիական ընկերությունն, այդուհանդերձ, շարունակում է իր գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հետ համատեղ արդյունահանելով «Աբշերոն» գազային կոնդենսատային հանքավայրը։
«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները». Բորել
Մինչ այդ Ալիևի հարձակումներից Ֆրանսիային աջակցել են շտապում Բրյուսելից։ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը որին ևս Ալիևն իր խոսքում թիրախավորեց, անընդունելի որակեց նրա պահվածքը։
«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը», - X-ում գրել է պաշտոնից հեռացող Ժոզեպ Բորելը՝ Ադրբեջանի առաջնորդին հիշեցնելով, որ Եվրամիությունը և դաշինքի անդամ երկրներն են «կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենախոշոր դոնորները»։
Սա Բրյուսելի միակ արձագանքն էր Բաքվից հնչած երեկվա հայտարարություններին։
Մինչդեռ Ադրբեջանի առաջնորդը ոչ միայն Ֆրանսիայի, Նիդերլանդների, այլև Եվրամիության օրենսդիր մարմնի, Եվրոպայի խորհրդին, ԵԽԽՎ-ին էր պիտակավորում և կաշառակեր անվանում։
Այդ ելույթի ընթացքում Բաքվում գտնվող Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելից արձագանք դեռ չկա։ Այսօր էլ Ալիևի հետ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, բայց կառույցը մինչ այս պահը դեռ չի հայտնել՝ ինչ են քննարկել երկու պաշտոնյաները, որոնցից մեկը պարբերաբար սպառնում է իր խոսքով՝ կոռումպացված Եվրոպայի խորհուրդը։
Եվրամիությունը նավթային պետություն, մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանը իր հուսալի գործընկեր է հռչակել՝ հուսալով ռուսական էներգակիրները ադրբեջանականով փոխարինել։ Այժմ նույնիսկ կլիմայի հարցով համաժողովի ընթացքում, որտեղ քննարկում են կանաչ ապագան, Իլհամ Ալիևը հպարտությամբ է խոսում Բաքվի նավթային նախագծերի ու դրա եկամուտներից։
Ադրբեջանի նման նավթային պետությունը, որի պետական եկամուտների երկու երրորդը ստացվում է նավթից և գազից, ինչո՞ւ է ցանկացել ընդունել կլիմայի շուրջ բանակցությունները: Global Witness իրավապաշտպան կազմակերպությունն անցած օրերին, վկայակոչելով սեփական հետաքննությունը, պնդել է՝ Ալիրի վարչակազմը համաժողովն օգտագործում է հանածո վառելիքի ոլորտում նոր գործարքներ քննարկելու համար։