Ծայրահեղ երկերեսանիություն է ՄԱԿ-ի կլիմայի համաժողովն Ադրբեջանում անցկացնելը, այսօր Երևանում՝ Ամերիկյան համալսարանում, հայտարարեց բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։
«Ադրբեջանը ծայրահեղ ռեպրեսիվ պետություն է, նավթային երկիր, որը ծրագրում է ավելացնել հանածո վառելիքի արտադրությունը, երկիր, որը էթնիկ զտում է իրականացրել: Առնվազն սրտխառնոց է առաջացնում երկերեսանիության այս աստիճանը», - պնդեց բնապահպան ակտիվիստը, որ անցած օրերին Ադրբեջանի իշխող վարչակազմի դեմ բողոքի ցույցեր էր անցկացրել նաև Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առջև։
Բաքվում շարունակվող COP29-ի ֆոնին այսօր Երևանում անցկացվեց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողով, որին նաև Թունբերգն էր մասնակցում։ «Սարսափելի հանցանքներից հետո Ադրբեջանը ոչ միայն պատասխանատվության չի կանչվել, այլև կլիմայի վեհաժողովի շնորհիվ անցաթուղթ ու հարթակ է ստացել՝ լեգիտիմացնելու մարդու իրավունքների ծայրահեղ ոտնահարումները, էթնիկ զտումներն ու մոլորեցնելու բոլորին։ Աշխարհը ոչ միայն լուռ է, այլ տվել է այս հնարավորությունը Ադրբեջանի նման երկրին», - հայտարարեց նա։
Հայաստան եկած շվեդ հայտնի ակտիվիստը, միաժամանակ, նշեց՝ ինքն արտոնյալ է, քանի որ ստիպված չէ Արցախի հայերի նման պայքարել ապրելու ու գոյություն ունենալու իրավունքի համար, և կարող է նաև այլ հարցեր բարձրացնել։
«Այն, որ ես ամեն առավոտ ստիպված չեմ արթնանալ ու պայքարել իմ ու իմ ժողովրդի՝ գոյություն ունենալու իրավունքի համար, ինձ դարձնում է արտոնյալ, ինչն էլ, իր հերթին, ինձ դարձնում է բարոյապես պատասխանատու բարձրաձայնելու խնդիրների մասին»։
Թունբերգի խոսքով՝ պետք է դադարեցնել ձևացնել, թե Ադրբեջանի նման երկրներում վեհաժողով անցկացնելուց հետո կարելի է առաջընթացի հասնել կլիմայի փոխոխության դեմ պայքարում։ «Չենք կարող շարունակել պայքարել ապագայի համար, երբ մարդիկ կորցրել են իրենց ներկան, զրկվել մարդու հիմնարար իրավունքներից»։
Երիտասարդ Թունբերգը հայտնի դարձավ, երբ 2018-ին ընդամենը 15 տարեկանում սկսել էր բողոքի ակցիաներ անցկացնել կլիմայի փոփոխության ու դրա նկատմամբ կառավարությունների անտարբերության դեմ։ 2019-ին նա Time ամսագրի կողմից ճանաչվեց տարվա մարդ։
Շվեդ, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ծնվել է արվեսագետների ընտանիքում։ Մայրը երգչուհի էր, հայրը՝ դերասան։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը սկսել է ութ տարեկանից՝ դարձել է բուսակեր, հրաժարվել ինքնաթիռներով ճամփորդելուց, քանի որ օդանավերը մեծ քանակությամբ գազ են արտանետում՝նպաստելով գլոբալ ջերմացմանը։ 21-ամյա ակտիվիստը մի քանի անգամ ձերբակալվել, մի քանի անգամ էլ տուգանվել է՝ բնապահպանական բողոքի ակցիաների մասնակցելու համար։