Պաշտոնական Փարիզը շարունակում է իր գաղութատիրական քաղաքականությունը` «ճնշել», «թալանել», «սպանել» գաղութների բնակչությանը, այսօր COP29 կլիմայական կոնֆերանսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քննադատելով Ֆրանսիային։
Ալիևը պնդել է՝ թե այս տարի Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի իշխանություններն են «բողոքի ցույցերի մասնակիցների սպանել և ավելի քան հազար մարդ ձերբակալել»:
Ֆրանսիայի կառավարությունը Բաքվին է մեղադրել Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու մեջ։ Մի շարք անկախ հետաքննություններ ևս փաստել են, որ սոցիալական ցանցերում Ալիևի կուսակիցներն են ներգրաված եղել համակարգված ապատեղեկատվության քարոզարշավում՝ տարածելով կեղծ, մոլորեցնող լուսանկարներ և տեսանյութեր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ։
«Այսքանից հետո Ֆրանսիան չմեղադրվեց ո՛չ Եվրահանձնաժողովի, ո՛չ Եվրախորհրդարանի, ո՛չ Եվրախորհրդի կողմից։ Սա քաղաքական կեղծավորություն է։ Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ են», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, որն, ինչպես պարզել էին լրատվամիջոցներն, անցած տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան ազդեցիկ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա և հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին։
Պաշտոնական Փարիզը, Եվրամիության կառույցները դեռևս չեն արձագանքել Ադրբեջանի առաջնորդի վիճահարույց հայտարարություններին։