Հայաստանի արտգործնախարարությունը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է տեղեկությունն այն մասին, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ պետք է այցելեր Հայաստան: Ռուսական պետական ТАСС-ը և որոշ հայկական տելեգրամյան ալիքներ գրել էին, թե երեկ Ռայիսին պետք է ժամաներ Սյունիք, որտեղ նախատեսվում էր Հյուսիս-Հարավ ճանապարհի բացման արարողությունը։ Սակայն վերջին պահին այցը չեղարկվել է:
Արձագանքելով այս տեղեկություններին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցեց, թե «Հայաստան բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին պաշտոնապես տրվում է տեղեկատվություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան այցերի մասին պաշտոնապես տրվում է տեղեկատվություն». ԱԳՆ-ն Ռայիսիի հնարավոր այցի լուրերի մասինԻԻՀ նախագահ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվել են երեկ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում գտնվող Վարզաքան շրջանում, ուղղաթիռի վթարի հետևանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իրանա-ադրբեջանական սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո Ռայիսին և Աբդոլահիանը պետք է վերադառնային Թեհրան:
Հայաստանի վարչապետը, նախագահը և արտգործնախարարը Կառավարության և հայ ժողովրդի անունից ցավակցություն են հայտնել Իրանի նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ:
«Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն», - ցավակցական հեռագրում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առայժմ պարզ չէ՝ Փաշինյանն ու Միրզոյանը կմասնակցե՞ն Թավրիզում կայանալիք Ռայիսիի և Աբդոլահիանի հուղարկավորության արարողությանը։ Կառավարությունից և ԱԳՆ-ից առայժմ «Ազատության» հարցմանը չեն արձագանքել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանին ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարըՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբՏարածաշրջանում Իրանի քաղաքականության մեծ փոփոխություններ չեն ակնկալվում
Ի՞նչ ազդեցություն կունենա ողբերգական այս իրադարձությունը տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի վրա:
«Մեծ ակտիվացում Ադրբեջանի կողմից, որ ասենք առիթից օգտվեն և ինչ-որ գործողություններ սկսեն, ես այս իրադարձության հետ չէի կապի», - ընդգծում է իրանագետ Ալեն Շադունցը:
Շադունցի համոզմամբ՝ տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության մեծ փոփոխություններ չեն ակնկալվում, քանի որ այդ երկրում իշխանությունը կենտրոնացած չէ միայն նախագահի շուրջ։ Իրանի քաղաքական կյանքում գլխավոր դերակատար է Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին, լուրջ դերակատարություն ունի նաև Հեղափոխության պահապանների կորպուսը, որոնց շնորհիվ էլ կապահովվի Իրանի քաղաքականության շարունակականությունը:
«Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն է հենց այն հիմնական դերակատարը, որ դեմ է արտահատվել ադրբեջանական հավանական գործողություններին, իրենք այսօր էլ՝ անկախ նախագահի առկայությունից կամ բացակայությունից, շարունակում են մեծ դեր խաղալ Իրանի վարած քաղաքականության մեջ, և կա հավանականություն, որ Իրանում տեղի ունենալիք փոփոխությունների արդյունքում իրենց դերը ավելի կուժեղանա: Այսինքն՝ այն քաղաքական կուրսը, որ իրենք ջատագովում էին, կշարունակվի մոտակա ամիսներին և տարիներին», - ասում է իրանագետը:
Իրանի նախագահին ու մյուս պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործման ի՞նչ վարկածներ են շրջանառվում։ Պաշտոնական հստակ պատասխան դեռևս չկա, սակայն իրանագետն ասում է, որ իրանական մամուլն ու տելեգրամյան ալիքները լի են դավադրապաշտական վերլուծություններով:
«Շատ է հիշատակվում Իսրայելի անունը, նաև հիշատակվում է Ադրբեջանի անունը, Արևմուտքի դերը, և այլն: Դեռևս հստակ փաստարկ կամ ինչ-որ շոշափելի բան չկա այդ բոլոր սպեկուլյացիաների հետևում», - նշեց Ալեն Շադունցը:
Երևանում հարգանքի տուրք են մատուցում զոհվածների հիշատակին
Այսօր ողջ օրվա ընթացքում և՛ Հայաստանի, և՛ Իրանի քաղաքացիները ծաղիկներ ու ծաղկեպսակներ էին դնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց։ Նրանք նշում էին, որ պարզապես ցավում են տեղի ունեցածի համար.
«Որպես մարդ ես ինքս շատ ցավ եմ ապրում, ես ամբողջ գիշեր իրոք ցավ եմ ապրել, մինչև աշխատանքի գալս սպասում էի, որ դեռ պետք է մենք լավ լուր լսեինք: Ափսոսում եմ, շատ, իրոք կորցրեցինք լավ մարդ, լավ ղեկավարներ... »:
«Ես գիտեմ, թե ինչպիսի մեծ դեր է ունեցել Իրանը հայ ազգի համար, հայ հասարակության համար՝ չնայած որ մենք կրոնական տարբեր ճանապարհներով ենք գնացել... »:
«Պարզապես ցավալի իրադարձություն է տեղի ունեցել, այդ իսկ պատճառով ցանկանում ենք մեր կարեկցանքը հայտնել իրենց, այդքան բան: Բարեկամական ժողովուրդներ ենք, այդ իսկ պատճառով ցանկացանք գալ... »:
Հայաստանում բնակվող Իրանի քաղաքացիներ.
«Մի քիչ նեղված ենք, մեր նախագահն է, մեր նախարարն է, մեր մարզպետն է, մեր առաջնորդի տեղակալն է Թավրիզ քաղաքում: Ցավակցում ենք, ուղղակի մի քիչ լավ չենք զգում, մի քիչ հուզված ենք... »:
«Մեր պրեզիդենտն ա, մենք հիմա ցավակցում ենք եկել ենք էստեղ: Կարայինք ծաղիկ բերեինք, ցավակցեինք, ուրիշ բան մեզանից հիմա կախված չէ, շատ հեռու ենք մենք: Ոչ մի փոփոխություն չի լինի, ոչ մի բան չի լինի, էնտեղ ամեն ինչ տեղը տեղին դրած ա, մեծերը կան: Չգիտեմ, մեծերը որոշեն՝ ինչ պետք ա, իրանք տենց կանեն, էլի... »:
Այսօր ավելի ուշ Իրանի դեսպանատան առջև նախատեսվում է մոմավառություն՝ ի հիշատակ զոհվածների։