Մատչելիության հղումներ

Իրանին ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

Ուղերձում, որը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես ասված է.

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք:

Անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, Իրանի կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը»:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:

Երևանում Իրանի դեսպանատան դիմաց ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվում, երեկոյան ժամը 8-ին նախատեսվում է մոմավառություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG