Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հեռագրում նշված է. - «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։
Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, X-ի իր էջում ցավակցելով Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան կապակցությամբ, գրել է. - «Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մութ պահին»։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրա ուղեկիցները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մահացած են գտնվել Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման վայրում: Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով: