Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ղազախստանը դեռևս իրավական քայլեր չի տեսել Երևանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) դուրս գալու ուղղությամբ։ Այդ մասին այսօր ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
Ղազախստանն այս տարի հերթագայության կարգով նախագահում է ՀԱՊԿ-ում:
«Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի սառեցնելու մասին։ Որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու համար, ուստի, Հայաստանը դե յուրե չի դադարեցրել իր անդամակցությունը»,- նշել է Վասիլենկոն:
Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանություններն աշխատում են ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ, քանի որ այն կարևոր դեր է կատարում երկրի անվտանգության ապահովման գործում։
«Ներկայումս Ղազախստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է։ Ղազախստանը փորձում է ամրապնդել այս կազմակերպությունը, որը, մեր համոզմամբ, շատ կարևոր կառույց է անվտանգության ոլորտում, կարևոր դեր է կատարել, կատարում և պետք է կատարի Ղազախստանի Հանրապետության անվտանգության համար»,- ընդգծել է Վասիլենկոն։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների «սառեցումը» նշանակում է, որ Հայաստանը չունի «ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ և չի մասնակցում բարձր և բարձրագույն մակարդակի միջոցառումներին»,- երեկ Հայաստանի խորհրդարանում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դե յուրե էլ պիտի սառեցնենք, եթե այսպես շարունակվի. Փաշինյանը` ՀԱՊԿ-ի մասին