Մատչելիության հղումներ

Մոսկվան բացատրություններ է ակնկալում ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին. Երևանը դեռ լռում է


Պաշտոնական Երևանը երկրորդ օրն է՝ չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ են դիմել ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու կամ կասեցնելու հարցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին նախօրեին խոսել էր «Ֆրանս 24»-ի եթերում՝ առանց հստակեցնելու՝ Երևանը պատրաստվո՞ւմ է լքել Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքը, թե՝ ոչ: Վարչապետ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ բացատրություններ են ակնկալում Մոսկվայում: Հայկական կողմը պետք է պարզաբանի՝ ինչ է իրականում թաքնված այդ հայտարարության հետևում, ընդգծում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Չընդունելով ռուսական կողմի պնդումները, թե ադրբեջանական հարձակումների ընթացքում ՀԱՊԿ-ը համարժեք է արձագանքել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը շեշտում է՝ Երևանը ՀԱՊԿ-ի հետ միշտ է ուղիղ խոսել: Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ հենց ՀԱՊԿ-ն է խուսափում այդ խոսակցություններից:

«Երբ, օրինակ, մենք ասում էինք՝ մեր սուվերեն տարածքը ռմբակոծվում է, մեր զինվորները զոհվում են 2022 թվականի սեպտեմբերին, դուք մեր դաշնակիցն եք, մենք էս Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, եկեք մեզ օգնության, մեզ ասում էին՝ դե գիտե՞ք ինչ, ձեր սահմանը ոնց որ էդքան էլ հստակ չի և այլն, այդտեղ է պետք հասկանալ, թե ինչ կա այդ հայտարարության տակ, իսկ մեր հայտարարության տակ ինչ-որ բաներ փնտրել, կարծում եմ, պետք չի, մեր հայտարարության տակ այն է, ինչը որ մակերեսին է», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Մոսկվայից պնդում են, թե 2021, 2022 թվականներին Հայաստանի իշխանությունը «շինծու պատրվակներով» մերժել է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը: Ռուսական կողմն ասում է՝ դա ներառում էր նաև ռազմատեխնիկական օգնություն՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչի մասին է խոսքը:

Հայաստանի կառավարությունը ՀԱՊԿ դիտորդների տեղակայում հայկական տարածքում մերժում էր՝ հիմնավորելով, որ մինչ այդ ռազմական դաշինքից պետք է քաղաքական գնահատական տրվի Բաքվի գործողություններին, հստակ նշվի, թե որն է ՀԱՊԿ-ի համար Հայաստանի սահմանը, ինչն այդպես էլ չարվեց:

«Հայաստանի ոչ մի հարցապնդում անհիմն չէ, այն բոլոր հարցապնդումները, որ Հայաստանն անում է ՀԱՊԿ-ին, դրանք բոլորն առավել քան հիմնավոր են», - ասաց Վահագն Ալեքսանյանը:

Փաշինյանի հայտարարությամբ մեկնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը. Քաղաքական մեկնաբան

Ադրբեջանական հարձակումների ընթացքում պայմանագրային պարտավորությունները կատարելու հարցով Երևանը դիմել էր ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև Ռուսաստանին: Երկու դեպքում էլ դիմումներն անպատասխան մնացին: Փոխարենը Մոսկվան մինչ օրս նույն առաջարկն է անում՝ Հայաստան ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Մոսկվան երբևէ չի ընդունի մեղավորությունը, բայց Երևանից հստակություն կպահանջի:

«Որպեսզի հասկանան՝ «հիմա ինչ եք ասում, ասե՞նք Բաքվին հարձակվի ձեր վրա, թե՞ դեռ մի քանիս էլ սպասենք», նրանց ասածը դա է, սպառնալիք, հետո էլի՝ հստակեցրեք, եթե վերջնական է, ասեք տեսնենք ինչ ենք անում՝ կա՛մ այդտեղ Նիկոլին հեռացնում ենք, ինչպես ասաց Պետդումայի պատգամավորներից մեկը, կա՛մ որևէ մեկը չի երաշխավորելու ձեր տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ ուղղակի ագրեսիայի սպառնալիք: Նրանք էլ ուզում են հստակություն, որպեսզի իրենց ճնշումների վեկտորը հասկանան՝ որ ուղղությամբ են ճնշում, ինչ մասշտաբով են ճնշում ու ինչ են ունենալու արդյունքում», - նշեց Բաղդասարյանը:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ ֆրանսիական հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ մեկնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Ընդ որում՝ դա ոչ այնքան Հայաստանի հարցն է, այլ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս մղման, ինչն, ըստ Արմեն Բաղդասարյանի, անհետևանք չի անցնի: Մոսկվան Երևանի վրա ազդելու երեք լծակ ունի՝ տնտեսական, ներքաղաքական գործընթացներին միջամտություն և ադրբեջանական ագրեսիայի հրահրում Հայաստանի նկատմամբ:

«Այդ երեք գործոններից, օրինակ առաջինը՝ ներքաղաքական պրոցեսները այնքան էլ էֆեկտիվ չեն, որովհետև այդ ուժերը ներկայացնող դեմքերը մեր հանրության մեջ պարզ ասած մեծ հեղինակություն չունեն: Երկրորդը՝ տնտեսական լծակները շատ էֆեկտիվ են, բայց կարճաժամկետ չի դրանց էֆեկտը, որովհետև Հայաստանն իներցիայով դեռ ինչ-որ ժամանակ կարող է դիմակայել դրան, իսկ ամենաէֆեկտիվը և ամենակարճ ժամանակում էֆեկտ տվողը արտաքին ագրեսիայի հրահրումն է: Եթե այս պրոցեսներն արագանում են, բնականաբար, Ռուսաստանը պետք է օգտագործի իր այն ռեսուրսը, որը հնարավորինս կարճ ժամանակում է էֆեկտ տալիս, այսինքն, հրահրել Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի նկատմամբ, որպեսզի այդ ճանապարհով կանխի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից ու ընդհանրապես Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին վերջին տասն օրում երկու անգամ հայտարարել է վարչապետ Փաշինյանը, երեկ X-ի իր էջում այդ մասին զգուշացրել էր նաև Եվրամիությունում Հայաստանի դեսպանը: Ըստ Տիգրան Բալայան՝ Ադրբեջանի նախագահը և նրա դաշնակիցները հերթական ագրեսիան են նախապատրաստում՝ ընդդեմ Հայաստանի: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Արևմուտքը պետք է Թուրքիայից և Ադրբեջանից հստակ երաշխիքներ ստանա, որ Հայաստանի վրա չեն հարձակվի: Հակառակ դեպքում՝ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից արկածախնդրություն է:

«Եթե երաշխիքներ չկան, որ Ադրբեջանը չի հարձակվի, այսինքն, չի տրվի գայթակղությանը, երբ ռուսները հրահրել հարձակվել, եթե այդ երաշխիքը չկա, մեծ հավանականությամբ մենք կունենանք կանխատեսելի ելքով պատերազմ», - ասաց Բաղդասարյանը:

Այս ֆոնին Երևանն ու Բաքուն վերջին օրերին միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու և միմյանց դիրքերի ուղղությամբ կրակելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG