Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ՌԴ-ից անջատվելու քայլեր անում է, սակայն դրանք բավարար չեն․ Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական բևեռի փոփոխման կողմնակից է, «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ չհերքելով՝ Հայաստանի իշխանություններն այսօր քայլեր անում են Ռուսաստանից անջատվելու ուղղությամբ, սակայն դրանք, ըստ կուսակցության առաջնորդի բավարար չեն։

Սարգսյանի խոսքով՝ արտաքին քաղաքական կուրսի ամբողջական փոփոխություն է հարկավոր։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, մասնավորապես, ընդգծեց Հայաստանի՝ այլընտրանքային զենքի գնումններն ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Հնդկաստանից, Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ միջոցառումներին, Հռոմի ստատուտի ընդունումը, Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների ճշտման փորձերը արևմտյան հարթակներում, փաստաթղթերի ստորագրումը Պրահայում և Գրանադայում։

«Էս ամեն ինչը կա, բավարա՞ր են սրանք, չգիտեմ, իմ կարծիքով՝ ոչ։ Մենք գտնում ենք, որ արտաքին քաղաքական կուրսի ամբողջական փոփոխություն է անել պետք և քաղաքական վեկտորի փոփոխություն է մտցնել պետք», - ասաց Սարգսյանը՝ միևնույն ժամանակ Երևանի մտավախություններն ընդգծելով։

«Ինչպես նախկին իշխանություններն, այնպես էլ այսօրվա իշխանությունները, լուրջ մտավախություններ ունեն Ռուսաստանի հետ կապված և այդ մտավախությունները նաև ինչ-որ տեղ տեղին են, որովհետև Ռուսաստանը այնպիսի երկիր է, որն ընդունակ է ահաբեկչական ակտերից սկսած մինչև տարբեր տեսակի պրովոկացիաներ, տնտեսական տարբեր դրդապատճառներով ճնշումներ և այլն, այսինքն՝ քրեական մշակույթում դրան ասում են օրենքից դուրս՝ բեսպրեդել, որը նշանակում է որևէ սրբություն չունեցող երկիր, որը իր շահերի համար ցանկացած քայլի գնացող է, և այս հանգամանքը լուրջ վախերի խնդիր է առաջացնում, կարծում եմ, այսօրվա Հայաստանի իշխանությունների մոտ», - ասաց Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG