Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:
«Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - նշել է Պետքարտուղարությունը։
Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է. - «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է՝ կրկին քննադատելով Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Կրեմլից արձագանքել էին, թե Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ: