Հայաստանը դեռևս չի տեղեկացրել իր գործընկերներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առնչությամբ իր քայլերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ո՛չ։ Գործընկերներից և ոչ մեկը բացատրություն կամ ծանուցում չի ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարեց՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատեց ռազմական դաշինքը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:
Երեկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վկայակոչելով վարչապետի այս հայատրարությունն, ընդգծեց՝ ՀԱՊԿ-ին փաստացի Հայաստանի չմասնակցությունն իրենից ներկայացնում է սառեցած հարաբերութուններ։
«Այո՛, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Չեք ուզում գաք նայեք որն է էդ գոտին։ Դուք Հայաստանի Հանրապետության սահմանը ճանաչո՞ւմ եք, Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամագրվելով ո՞ր սահմանով է անդամագրվել, քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ, իմ անձնական կարծիքն է, որ ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը պատասխանեց․- «Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»։ ԱԺ խոնակը նաև առաջարկեց «մի քիչ վստահել իրենց քաղաքական մարտավարությանը»:
Ռուսական կողմը պարզաբանումներ է պահանջել՝ ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ՝ շեշտելով՝ հայկական կողմը պետք է հստակեցնի՝ ինչ է իրականում թաքնված այդ հայտարարության հետևում։
Երեկ Եվրախորհդարանում Միության միջազգային համագործակցության հանձնակատար Յուտա Ուրպիլայնեն հայտարարել է՝ Եվրամիությունը հանձնառու է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր հարթություններում՝ շեշտելով, որ «նախաձեռնել են նոր՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հավակնոտ օրակարգ»։
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդն էլ իր հերթին ընդգծել է՝ հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է իր տնային աշխատանքն անի։ «Ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, Հայաստանի մեծ կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև ռուսական բազան Հայաստանում», - ասել է եվրոպացի պատգամավորը։