Մատչելիության հղումներ

Փաշինյան. Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա


Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են ռուս զինվորականները տեղակայված Սյունիքի Ներքին Հանդում:

Ռուս սահմանապահները այս համայնքում տեղակայվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 44-օրյա պատերազմից հետո, այնտեղ անցակետ ու հենակետ տեղադրել:

«Շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել ձեզ հայտնի իրադրությունների բերում: Եվ ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ ու պայմանագիր գոյություն չունի: Եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները էնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ», - ասաց Փաշինյանը:

Մոտ երկու շաբաթ առաջ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Դրանից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե այնտեղ տեղակայված ռուս սահմանապահները ոչ միայն միջադեպը չեն կանխել, այլ նաև խոչընդոտում են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ: Պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի տարածքում մի երկրի ներկայացուցիչներ խոչընդոտում են մեկ այլ կառույցի ներկայացուցիչների: Վարչապետ Փաշինյանը հարցին ուղիղ չպատասխանեց:

«Հնչել է ահազանգ ու այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա նման խոչընդոտ, ու այդ քննության արդյունքներով որոշակի եզրակացություններ կարվեն», - ասաց վարչապետը:

Թե ի՞նչ քննության մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց:

Վարչապետը չի բացառում ՀԱՊԿ-ից ընդհանրապես դուրս գալու հեռանկարը

Վարչապետն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ իր հայտարարությանը։ Ասաց՝ ՀԱՊԿ-ին հարց են տվել և պատասխան մինչ օրս չկա: Եվ դրա բացակայությունը, ըստ Փաշինյանի, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, չբացառեց նաև դաշինքից ընդհանրապես դուրս գալու հեռանկարը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները անվտանգային ոլորտում, դիմակայելու, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար: Այդ դիրքորոշումը ես, այո, ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Հետևաբար այս հանգամանքի բերումով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե- ֆակտո սառեցրել ենք ու եթե այս պրոցեսը շարունակվի, դե-յուրե էլ պիտի սառեցնենք, բա ի՞նչ անենք», - ընդգծեց Փաշինյանը:

Սահմանազատման հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը. Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների ընթացքին: Ասաց՝ հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը, որի ավարտից հետո երկու երկրին էլ այն կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ:

«Եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, և մեր աշխատանքները և տրամաբանությունը նախագծման փաստաթղթի բխի Ալմաթիի հռչակագրից, մենք կարող ենք 2-3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի մեթոդաբանությունը աշխատանքի: մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ դելիմիտացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված», - ընդգծեց Գրիգորյանը:

Թե ե՞րբ տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, հստակ չէ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG