Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է. Կրեմլից արձագանքում են


Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ֆոնին Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատել է Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այդ հետևանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերևա», - նշել է Փաշինյանը:

Կրեմլից առավոտյան արձագանքեցին, թե Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նաև ընդգծել է՝ նախատեսում են հայկական կողմի հետ շփումներում հստակեցնել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը:

«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Մենք պատրաստվում ենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այս հայտարարությունների իմաստը», - ասել է Պեսկովը:

Վարչապետի այս հայտարարությունն արդյոք նշանակում է, որ առաջիկայում անդամակցությունը սառեցնելու կամ կասեցնելու հարցով պաշտոնական Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին, Արտաքին գործերի նախարարությունից դեռ չեն արձագանքում:

Ռազմական դաշինքի մեկնաբանությամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին, ըստ ամենայնի, նկատի ունի ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելը:

Փաշինյանի ձևակերպումները նույն կերպ է բացատրում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը: Արսեն Թորոսյանը պարզաբանում է՝ խոսքը ոչ թե դիմումով, այլ գործնականում անդամակցությունը սառեցնելուն է վերաբերում:

«Ազատության» դիտարկման՝ ռուսներն ասում են՝ «կարո՞ղ է դիմումն էլ է գալու, մեզ չեք ասում», Թորոսյանն արձագանքեց. - «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կարող է պատահի: Էդ ամեն ինչը որոշվում է երկրի իշխանության կողմից՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այս պահին նման որոշում չկա»:

Ընդդիմությունը վտանգավոր է համարում վարչապետի հայտարարությունը։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ կառավարության քաղաքականությունը ոչ թե անվտանգային ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու, այլ ճիշտ հակառակի մասին է:

«Երբ ամբողջությամբ կտրում ես մի կողմի հետ հարաբերությունները և խորացնում ես այլ կողմի հետ, դեռ հարց է, թե որքանով է խորանալու դա, որքանով է նյութականանալու և ոչ թե ձմերուկ են դնելու Հայաստանի իշխանավորների թևերի տակ, դա լրիվ այլ բան է: Մեր սահմանում կանգնած զինվորը թանկ գին է վճարել փաշինյանական լղոզված, իրար հակասող արտաքին քաղաքականության պատճառով», - ընդգծեց Մանուկյանը:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում ՀԱՊԿ-ը հայկական կողմին ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց, այլև չդատապարտեց Բաքվի գործողությունները: Դրանից հետո Երևանը բացի ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց կառույցում դեսպան չի նշանակում, հրաժարվել է գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից:

Հայաստանի անվտանգային խնդիրների վերաբերյալ տարբեր մայրաքաղաքներում միմյանց հակասող հայտարարությունները, ըստ Գեղամ Մանուկյանի, հարվածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը:

«Բոլորին հաճելի լինելու հետևանքն արդեն 4-5 տարի է՝ մենք զգում ենք: Հայաստանի փաշինյանական արտաքին քաղաքականության ամենախայտառակ դրսևորումներից մեկն է, որ նրան թվում է՝ Բրյուսելում կարելի է մի բան ասել, Վաշինգտոնում մի բան ասել, Մոսկվա գնալ մի բան ասել, Անկարայում մի բան ասել, չհասկանալով, որ ի վերջո իրար հակասող այդ տարբեր հայտարարությունները մի օր մի կետի վրա պայթեցնելու է», - ընդգծեց Մանուկյանը:

Ի դեպ, եթե ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ռուսաստանի նախագահն իր հետ առաջին հանդիպմանը վստահեցրել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, երեկ ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ուղիղ մեղադրեց Ռուսաստանի իշխանությանը՝ Հայաստանի կառավարությանը տապալելու փորձերի համար:

«2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ Կառավարությունը: Ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետևողական և նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում», - ընդգծել է վարչապետը:

Ռուսական կողմից Հայաստանի վարչապետի այս քննադատությանը դեռ չեն արձագանքել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG