Նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է, հնգօրյա փակ ժողովից հետո հայտարարում է Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած Գերագույն հոգևոր խորհուրդը՝ շեշտելով, թե Հայաստանի պաշտոնյաների ու Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է այդ կասկածները:
«Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում Ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում», նշված է հաղորդագրությունում։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին իշխանությունները հայտարարեցին անցած ամիս՝ պատճառաբանելով, թե այն Հայաստանն ավելի մրցունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Չնայած Բաքվի ուղիղ հայտարարությանը՝ թե խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը Սահմանադրություն փոխի, Երևանը պնդում է՝ սա Հայաստանի ներքին գործն է, ճնշում չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ Սահմանադրության հարցը բարձրացրել են հենց սկզբից, Երևանից հակադարձում են՝ Մայր օրենքի փոփոխությունը ՀՀ ներքին գործն էՀայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Բաքուն հենց սա է խնդրահարույց համարում։
Գարեգին Երկրորդի գլխավորությամբ 5 օր տևած քննարկումներից հետո Գերագույն հոգևոր խորհուրդը, որը հայ առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինն է, գրություն տարածեց՝ անդրադառնալով և՛ Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններին։
Դատապարտելով Ադրբեջանի գործողությունները խորհուրդը համազգային միաբանության անհրաժեշտությունն է ընդգծում. - «Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգևոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը»:
Պետության հետ հարաբերությունները «ոչ բնականոն» որակելով՝ Մայր Աթոռն ընդգծում է՝ օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության հետ կապված մի շարք առանցքային հիմնախնդիրներ լուծման կարոտ են մնացել։
Ժողովի ընթացքում, մասնավորապես, Հայոց պատմության աղմկահարույց դասագրքից են խոսել՝ սլաքներն ուղղելով իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հոգևոր այրերը շեշտում են՝ հայագիտական առարկաները հարվածի տակ են հայտնվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայոց պատմության 7-րդ դասարանի գրքի հեղինակը շարունակում է պնդել՝ Հայաստանի պատմությունը չի խեղաթյուրելՉնայած շաբաթներ առաջ տարածված տեղեկությանը, թե կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույց է լինելու, այսօր Էջմիածնում միայն Մայր Աթոռին սատարողներն էին:
Եկեղեցու ու պետության հարաբերությունները լարված են 44-օրյա պատերազմից ի վեր, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը պահանջեց վարչապետի հրաժարականը։
Եկեղեցուն սատարողների այսօրվա ակցիային նաև ընդդիմադիր քաղաքական դեմքեր էին մասնակցում. այնտեղ էին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Ըստ լրատվամիջոցների՝ այսօր մի խումբ քաղաքացիներ կաթողիկոսի հրաժարականի պահանջով ցույց էին պատրաստվում իրականացնել, ընդ որում՝ Էջմիածնի քաղաքապետարանը սկզբից թույլատրել, ապա մերժել է այդ հավաքի անցկացումը։