Մեծ աղմուկի պատճառ դարձած Հայոց պատմության 7-րդ դասարանի գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը շարունակում է պնդել՝ Հայաստանի պատմությունը չի խեղաթյուրել։
«Դասագրքիս մեջ Վասակ Սյունին, այո, չի ներկայացվել իբրև դավաճան, ինչպես որ նախկինում եղել է, դասագրքիս մեջ դավաճան չի ներկայացված նաև Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Ինչո՞ւ եմ ես այդպես վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը», - ասաց Հովհաննիսյանը:
Վասակ Սյունու ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսի օրինակը բերելով՝ գրքի հեղինակն ընդգծում է՝ ձեռնարկը սովորելու նոր մոտեցում է առաջարկում, աշակերտին մտածելու, պատմությունն ավելի լայն ուսումնասիրելու հնարավորություն է տալիս։
«Պետք է աշակերտների մոտ ձևավորվի քննական մտածողություն ու դրան գումարած նաև պատմական մտածողություն: Այս դիտանկյունից դասագիրքն արդեն իսկ նորություն է, այսինքն, բովանդակության պահով մենք ոչ մի հեղափոխություն չենք արել, թեպետ կան որոշ հատվածներ, որոնք մեկնաբանվել են նորովի, նոր դիտանկյունից են մեկնաբանվել, բայց միևնույն ժամանակ շեշտադրումն ավելի գնացել է առաջադրանքների ուղղությամբ», - ընդգծեց Սմբատ Հովհաննիսյանը:
Օրերս Հայ առաքելական եկեղեցին էր բաց նամակով պահանջել Կրթության նախարարությունից դադարեցնել դասագրքի կիրառությունը դպրոցներում՝ պնդելով, որ դրա թերությունները «հնարավոր չեն դարձնում կազմակերպել սերունդների ազգային և որակյալ կրթությունն ու դաստիարակությունը»։
Մի շարք պատմաբաններ ևս գիրքն էջ առ էջ վերլուծել էին. հիմնական բողոքն այն էր, որ դասագրքում հայոց պատմությունն ու քարտեզները ամբողջական և ճշգրիտ չեն ներկայացված, իսկ որոշ կարևոր դրվագներ առհասարակ անտեսվել են։ Աղմուկի ամենամեծ բաժինը քարտեզներից մեկին հասավ. նոր դասագրքում Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս։ Գրքի հեղինակը դեռ ամիսներ առաջ էր պարզաբանել՝ նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունը ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ։
«Քարտեզի մեջ մենք տեսնում ենք, որ ներկայիս Ադրբեջանի զգալի մասը, էական մասը եղել է Տիգրան Մեծի կայսրության տարածքը», - ասաց Հովհաննիսյանը:
Գրքի հեղինակն ու աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն այսօր թեև նորից պնդեցին, որ դասագիրքն անտեղի է շահարկվել, սակայն ընդունեցին՝ 46 շտկման կարիք կա: Ըստ Սողոմոնյանի՝ աղմուկի պատճառն այն է, որ որևէ նորարարություն հասարակությունը հեշտ չի ընդունում, քննադատության մեծ մասն էլ, ըստ նրա, բովանդակության հետ կապ չունի։ Այդուհանդերձ բովանդակային էական սխալներն էլ քիչ չեն։
«Վերաբերում է Վանի թագավորության քարտեզին, որի մասին շատ է խոսվել, որը թյուրիմացաբար է դրվել այնտեղ: Սա նոր մշակված քարտեզն է, որը մենք նաև ներկայացրել ենք «Էրեբունի» թանգարանի մեր գործընկերներին՝ իրենց կարծիքը նույնպես լսելու համար, և Ղազար Փարպեցու պատկերը, որը նույնպես սխալ է տեղադրված, դա նույնպես փոխվելու է: Այս երկու պետկերային նյութը: Բովանդակայիններից 15-ը բովանդակային էական շտկումներ են, 13-ը՝ բովանդակային աննշան, ևս 13-ը վերաբերում է են տարեթվերին և 5 ուղղագրական սխալ», - ներկայացրեց Սողոմոնյանը::
Ընդամենը 0.5 տոկոսի անշճտություն են տեսնում հեղինակները, մինչդեռ Կրթության նախարարությունը պատրաստվում է գրքի հեղինակի և ընդդիմախոսների առաջարկները երրորդ՝ անկախ մարմինն ներկայացնել՝ հասկանալու՝ ինչը պետք է փոխել պատմության գրքում։
Նախարարությունը դեռ չի հստակեցնում են՝ ինչպես է ձևավորվելու այդ երրորդ անկախ կառույցը։
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն, ի դեպ, ուշացումով մտավ դպրոց, պաշտոնական բացատրությունը՝ թե չէին հասցրել տպագրել։ Գիրքը, նախարարության պնդմամբ, դեռ փորձաքննություն է անցնում, սակայն ուսումնական ծրագրից հանելու նպատակ չեն տեսնում։