Մի խումբ մասնագետներ կրթության նախարարություն են դիմել դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկով: Այս մասին 9 օր առաջ վարչապետը խոսեց՝ Գավառում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, մեղադրեց ինքն իրեն, որ այդ կարևոր նրբությունը չէր նկատել։
«Էս առաջարկը ինձ ցնցեց ուղղակի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: - «Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության դրվագներով, այսինքն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»:
Եվ ահա՝ կրթական գերատեսչությունը շատ արագ հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման փոփոխություն, որով առաջարկում են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»:
«Փոխվում է, որովհետև կարևորվում է նաև, որպեսզի դպրոցն իր գործունեությունը և մասնավորապես քո՛ երկրի պատմությունը, քո՛ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու ընթացքում շեշտադրվի պետականությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Փոխնախարարը հիմնավորում է՝ այսպիսով պետականության գաղափարն են ցանկանում կարևորել, նաև միջազգային փորձն են ուսումնասիրել, շատ երկրներում ոչ թե ժողովուրդների, այլ երկրների պատմությունն է դասավանդվում:
«Նշված է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը՝ Սաուդյան Արաբիայի, Վրաստանի, Ֆրանսիայի և այլն, որտեղ տեսնում ես, որ էդ «ուսումնասիրելու» անվան տակ ուղղակի ինչ-որ շատ արագ Google-ով գտնված լինկերի ժողովածու է տարբեր տեղերից», - «Ազատությանն» ասաց հրապարակախոս, պատմաբան Գոռ Մադոյանը:
Մադոյանը շեշտում է՝ հայոց պատմությունը թե՛ ժողովրդի ու թե՛ պետականության պատմությունն է, անվանափոխության իմաստը ո՞րն է։ Իր տարբերակն ունի. - «Իշխանությունները ունեն վախեր, որ հայ ժողովրդի պատմություն ասվածը քանի որ դուրս է Հայաստանի պատմության կամ Հայաստանի պետականության պատմությունից, դպրոցի երեխայի մոտ կարող է առաջանալ կարծիք կամ միտք, որ Հայաստանի պետականությունը այդքան էլ կարևոր չի, որովհետև դե վերջիվերջո որ պետականություն էլ չլինի, հայ ժողովրդի պատմությունը կա ու կա»:
Պատմաբանը չի կարծում, որ Հայաստանում մարդիկ պետականության արժեքը չգիտեն։ Եթե շատ են ուզում, թող նորագույն շրջանը դասագրքում առանձնացնեն, բայց պահպանեն «Հայոց պատմություն» անվանումը, թե չէ Հայաստանի պատմությունից այնքան բան է դուրս մնում. - «Գաղթօջախների պատմությունը դուրս է մնում, Մեծ Հայքի համարյա բոլոր գավառների պատմությունը դուրս է մնում, դուրս է մնում Կիլիկիայի պատմությունը... »:
Ոչինչ դուրս չի մնա, հավաստիացնում է կրթության փոխնախարարը։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ դասագրքի բովանդակությունը չի փոխվի՝ հայ ժողովրդի պատմության բոլոր, նաև առանց պետականության փուլերը կներառվեն, առարկայի ծրագիրը, չափորոշիչը չի փոխվում. - «Անհնար է երեխաների որևէ առարկայի, որևէ դիսցիպլինի ուսուցում անել՝ ունենալով խոռոչներ»:
«Ազատության» հարցին՝ միայն դասագրքի անվանումը փոխելով ինչպե՞ս է պետականության գաղափարն առաջ մղվելու, փոխնախարարն արձագանքեց՝ ուսուցիչներն առաջ կմղեն:
«Ցանկացած առարկայի ժամանակ, որը ուսումնասիրվում է դպրոցում, պետության գաղափարը, երկրիդ համար պիտանի մարդ լինելու գաղափարը մեր երեխաների մոտ սերմանվի», - նշեց Սվաջյանը:
Ի դեպ, այս փոփոխությունն անընդունելի են համարել Պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դեկանը, նաև «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակը, այլ պատմաբաններ: Կրթության փոխնախարարն այդպես էլ չբացահայտեց, թե կոնկրետ ով, ովքեր են դիմել գերատեսչություն այս անվանափոխության առաջարկով։
Հրապարակախոս Գոռ Մադոյանը շեշտում է՝ պետականությունը նախևառաջ հետևողականություն է, և այն բացակայում է իշխանությունների բառապաշարում. - «Երբ որ խնդիրներ չկային, ամեն ինչ նորմալ էր, տարածաշրջանում ստատուս քվոն պահպանված էր, և այլն, օջախը բավարար էր, և օջախի մեջ կարող էր մտնել Արցախը: Պարտությունից հետո, երբ ու կորցնում ես Արցախը, օջախը դուրս է գալիս՝ մտնում է պետությունը: Հետագայում միգուցե ինչ-որ միկրոհաղթանակներ լինեն, կարող է օջախը էլի վերադառնալ: Այսինքն՝ սրանք շատ ի տեղի լուծումներ են, որոնք ոչ մի կերպ պետության մասին չեն, որովհետև մենք չենք տեսնում հետևողականություն»:
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու նախագիծը իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հանրային քննարկման է դրված. առավոտյան քվեարկողների ավելի քան 80 տոկոսը դեմ էր առաջարկին, երեկոյան պատկերը կտրուկ փոխվեց՝ դեմերը պակասեցին, կողմ քվեարկողների թիվ ժամ-ժամ ավելանում է։