«Մենք ապրում ենք Հայաստանում և դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն», - այսօր խորհրդարանական ամբիոնից հայտարարեց կրթության նախարարը՝ ի պատասխան այն բուռն քննադատությանը, որ ծավալվում է դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու թեմայով:
«Կուզեմ առանձնահատուկ ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե Հայաստանի պատմություն կոչելով առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը: Սա ամենևին բովանդակության մասին չի, բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից», - նշեց Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ պատմության ուսուցանումը պետության առանցքի շուրջ պիտի լինի։ Ովքե՞ր են, այնուամենայնիվ, այն մասնագետները, որ դիմել են նախարարություն այդ առաջարկով. այս հարցով պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր նախարարությանը դիմել ու պատասխան չէր ստացել։
«Եթե թիրախ եք փնտրում, այդ թիրախը կանգնած է այստեղ, ձեր բոլոր հարցերը կարող եք ուղղել», - նշեց նախարարը:
«Թիրախում իրականում հայտնվել է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի քաղաքացին, երբ նման հոտած ձևով փորձում են ամեն ինչ ձևախեղել», - ասաց Մանուկյանը:
Հայոց, թե՞ Հայաստանի պատմություն. բանավեճ իշխանական ու դաշնակցության պատգամավորների միջև
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու թեման պատմություն դարձավ իշխանական ու դաշնակցության պատգամավորների միջև։ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը վստահ է՝ «Հայաստանի պատմություն» անվան դեմ հանդես եկողները Հայաստանի դեմ են:
«Հայաստանի Հանրապետության դեմ այս արշավն իրականում, ես կարծում եմ, շատ լավ ցուցիչ է, ու ես, այո, պնդում եմ, որ այդ առարկայի վերանվանման դեմ այս պայքարն ունի խորքային շատ կարևոր նպատակ՝ պայքարել Հայաստանի Հանրապետության դեմ: Մի անգամ այստեղից առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, բայց մենք շատ լավ գիտենք, թեթ այդ քամիները որտեղից են փչում», - նշեց Ալեքսանյանը:
«Այստեղ են ասել՝ հասանք իջեք, անկախության, ինքնիշխանության և հարատևության մասին խոսել մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում», - հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Այդ ընդդիմադիրներին, ըստ իշխանական պատգամավորի պետք է, որ անկախ Հայաստան չլինի:
Կրթության նախարարն ասել էր, որ այս փոփոխությունը մասնագիտական հարց չէ: «Ճիշտ է՝ քաղաքական է», - իշխանականներին դիմեց դաշնակցական Արթուր Խաչատրյանը:
Այսօր խորհրդարանի դահլիճում հյուրեր կային՝ Խորենացու անվան դպրոցի աշակերտները:
«Մովսես Խորենացին գրել է «Հայոց պատմությունը»: Մովսես Խորենացին նույնպես պետականամետ մարդ էր ու ինքը շատ լավ էր հասկանում՝ ինչո՞ւ է գրել Հայոց պատմություն», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց. - «Մովսես Խորենացին երբ որ գրում էր իր աշխատությունը, եթե չեմ սխալվում, անկախ հայկական պետություն չկար»:
Իշխանություն -ընդդիմություն՝ քաղաքական բանավեճից դուրս Հայաստանի պատմագիտական շրջանակները, Ակադեմիայի պատմության ինստիտուտ, Պետհամալսարանի պատմության ֆակուլտետը մեղմ ասած չեն ողջունել Կրթության նախարարության այս նախագիծը, այն հիմնավորմամբ, որ հայոց պատմությունը դա հենց Հայաստանի ու հայերի պատմությունն է՝ իր պետականության պատմությամբ հանդերձ։
Այս նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական նախագծերի հրապարակման հարթակում, մինչև վաղը. այս պահին կողմ է քվեարկել 49 տոկոսը, դեմ՝ 51-ը։ Հանրային քննարկման արդյունքը դժվար թե որևէ ազդեցություն ունենա։ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցում հաստատակամ են թե՛ Ժաննա Անդրեասյանը, թե՛ իշխանական պատգամավորները։
Կրթության նախարարն այսօր մասնագիտական կրթության փոփոխություններով էր խորհրդարան եկել ու եզրափակիչ ելույթում որոշեց դաս տալ, իր կարծիքով, պետության արժեքը չիմացողներին:
«Տեսել ենք, որ քոլեջի գույքը գտնվում է կուսակցական գրասենյակներում, գնացել ու հայտնաբերել ենք, որ քոլեջի շենքի մի մասը սեփականաշնորհված է կուսակցության գրասենյակի ներքո, դրանք հարցեր են, որոնք հայրենասիրության, պետության ու դրանց արժեքի մասին են», - հայտարարեց Անդրեասյանը: