Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 7-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։
2021-ին ՔՊ-ի կողմից պաշտոնակ արված Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը վստահ է՝ սա քաղաքական ճնշման հերթական գործիքն է։ Կոշտ քննադատության հետևանքով, ըստ Աբգարյանի, փակում են Հայկ Մարությանի առջև քաղաքապետարանի դռները։
«Բոլորիս էլ պարզ է դառնում, որ խոսքը քաղաքականապես ակտիվ անձանց մասին է։ Այստեղ մենք վստահ ենք, որ Հայկ Մարությանի հատկապես վերջին ժամանակների ակտիվությունը, մասնավորապես թենիսի կորտերի լսումներին մասնակցելը, ելույթ ունենալը, իր վերջին ելույթը դեկտեմբերի նիստին խիստ դիսկոմֆորտի մեջ է գցել իշխանություններին, և նրանք շտապում են օր առաջ փակել նրա առջև քաղաքապետարանի դռները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբգարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու». Մարությանը՝ Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու մասինԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հակադարձում է՝ բացակայությունը բոյկոտ է՝ ժողովրդավարության գործիքներից մեկը։
«Սա երկրորդ անգամ է, ի դեպ, երբ իշխանությունները արհամարհում են և զրկում են ընդդիմությանը բոյկոտի գործիքից՝ պատիժ կիրառելով, այնինչ հենց նույն իշխող ուժը կիրառել է այդ գործիքը և երկու անգամ ամբողջ կազմով չի ներկայացել նիստի, որպեսզի նիստը չկայանա», - նկատեց նա։
Արհամարհվում է նաև երևանցիների ձայնը, որպես հերթական փաստարկ նշում է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը՝ շեշտելով՝ ով տվել է մանդատը, նա էլ պետք է հետ վերցնի. - «Ազգային առաջընթաց»-ը և «Մայր Հայաստան»-ը միասին ունեն 79 հազարից ավելի երևանցիների վստահության քվե, և այստեղ իշխանությունն իր խիստ խարխուլ լեգիտիմությամբ և չունենալով երևանցիների 50 տոկոս քվեն, բարոյապես էլ իրավունք չուներ նման բան անելու»։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը երեկոյան խորհրդակցություն է անցկացրել՝ որոշելու իր անելիքները։
Գիշերը ընդդիմադիր խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «իր կցորդների» որոշումը «բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ որոշումը մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը. Երևանի ավագանու ԱԱ խմբակցությունԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարությանը քննադատեց քաղաքապետարանի արած ծախսերն ու կայանման թանկացումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտահերթ ընտրությունները Հայկ Մարությանի խմբակցության օրակարգում են. Հայկ Գրիգորյան
«Սա քաղաքական հաշվեհարդար է»
Այսօր քաղաքապետարանի մոտ հրատապ ճեպազրույցի էր հրավիրել նաև «Մայր Հայաստան» դաշինքն անցած տարվա ընտրություններում առաջնորդած Անդրանիկ Թևանյանը։ Նա ևս պնդում է, որ սա քաղաքական հաշվեհարդար է։
«Սա ուղղակի քաղաքական գործիքակազմ է մեր ակտիվ անդամների դեմ, որպեսզի մյուս ակտիվ անդամներին փորձեն լռեցնել։ Դա իրենց մոտ չի ստացվելու», - նշեց նա։
Ավագանու իշխող ուժն առայժմ չի պատասխանում ընդդիմության պնդումներին, թե սա քաղաքական ճնշման փորձ է, խմբակցության ղեկավարը մեր զանգերին չի պատասխանում։
«Այս մարդիկ չեն գնում աշխատանքի, նրանք վատ ավագանիներ են»
«Ազատության» տաղավարում այսօր ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, սակայն, շտապեց գնահատականներ տալ՝ վատ ավագանիներ են, ակնարկելով նաև, որ հարցը կուսակցությունում քննարկվել է։
«Երբեք չենք կարող որևէ մեկին հետապնդման ենթարկել, գոյություն ունի օրենք, կարգ: Ինչքանով ես տեղյակ եմ, էս մարդիկ չեն գնում աշխատանքի, նրանք վատ ավագանիներ են, շատ վատ», - ասաց Հակոբյանը:
Համաձայն օրենքի՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Բայց այս ամենից առաջ քվորում է պետք։ ՔՊ-ն ու «Հանրապտություն»-ը միասին քվորում չեն կարող ապահովել, եթե նրանց չմիանա երրորդ ընդդիմադիր ուժից՝ «Հանրային ձայն»-ի գոնե մեկ անդամ։
«Քաղաքապետի ընտրության հարցում մենք տեսել ենք համագործակցություն այդ խմբակցության և իշխանության հետ, կարմիր կետագծերի ու տեղական տուրքերի վճարման թանկացման հարցում մենք տեսել ենք համագործակցություն, որովհետև իրենք քվորում են ապահովել, երրորդ անգամ արդեն մարդիկ կտեսնեն ու սա լակմուսի թուղթ կդառնա՝ արդյոք այդ խմբակցությունը, այսպես ասած, փաթեթային խորը ու համապարփակ համագործակցության հուշագիր է կնքել իշխող խմբակի ու նրա քույր կառույցի հետ, թե՝ ոչ», - նշեց Անդրանիկ Թևանյանը:
«Հանրային ձայն»-ից «Ազատությանը» հայտնեցին՝ դեռ որոշում չունեն, բայց և ակնարկեցին՝ այս անգամ էլ իրենց ձեռքում է 5 ընդդիմադիրների ճակատագիրը։