Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը հաստատեց Օղակաձև զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագրի և «Էվոկաբանկի» նվիրատվության կապը


Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր հայտարարեց, որ Օղակաձև զբոսայգու տարածքի վերակառուցման առաջարկն արել են, երբ «Էվոկաբանկի» սեփականատերն անցած մայիսին 254 միլիոն դրամի նվիրատվություն էր անում քաղաքապետարանին: Առաջարկին արձագանքել է այդ նույն բանկի սեփականատիրոջը պատկանող և փետրվարին հիմնադրված «Գրինռոք մենեջմենթ» ընկերությունը:

Քաղաքապետի մամուլի խոսնակը փաստացի այսօր հաստատեց, որ «Էվոկաբանկի» կողմից քաղաքապետարանին կատարած նվիրատվությունը և օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում առանց մրցույթի «Էվոկաբանկի» հիմնադրած ընկերությանը վերակառուցում անելու հնարավորություն տալու որոշումը կապված են միմյանց հետ:

«Էվոկաբանկը երբ ներդրումն իրականացրել է, համայնքի կողմից նշվել են մեր առաջնահերթությունները, ասել ենք՝ ժողովուրդ ջան, մեզ համար նաև կանաչ տարածքներն են առաջնահերթ, մեկը, մյուսը, եթե կան ծրագրեր, եկեք ներկայացրեք։ Եվ հետագայում «Գրինռոքը» եկել, ներկայացրել է այդ ծրագիրը։

Դուք ինձնից հարցնում եք՝ ո՞նց է պատմությունը եղել, ես Ձեզ պատմությունը պատմում եմ։ Հիմա «Էվոկաբանկի» հետ «Գրինռոքն» ինչքանով կապ ունի, թե չունի, դա արդեն… ոչ թե մեզ չի հետաքրքրում, այլ դուք դա արդեն գիտեք», - ասաց նա։

Թեև Հայկ Կոստանյանը նշեց, որ իրենք մշտապես հայտարարել են՝ բաց են այգիները վերականգնելու հարցում ներդրողների առաջարկների համար, սակայն որևէ հրապարկային և ուղիղ կոչ, օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ հանրային քննարկման հրավեր կամ հայտարարություն ներդրումային ծրագրերի հայտեր ընդունելու մասին քաղաքապետարանը մինչ այս չի արել:

Ուշագրավ է, որ հստակ պատասխան չի ստանում հարցը, թե երբ է սկսվել «Էվոկաբանկի» հիմնադրած «Գրինռոք մենեջմենթ» ընկերության և քաղաքապետարանի համագործակցությունն, ու երբ է ներկայացվել նախագիծը:

Թեև Կոստանյանը նշում է մայիսին ներդրումների առաջարկ անելու մասին, «Գրինռոք» ընկերության ներկայացուցիչն «Ազատությանը» հայտնել էր, որ մայիսին իրենք արդեն իսկ պատրաստի նախագիծ են ներկայացրել քաղաքապետարան:

Իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանն Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի տպավորիչ նախագծի առկայության մասին խոսում էր դեռ մայիսից առաջ՝ 2023 թվականի փետրվարին՝ «Գրինռոք մենեջմենթ» ընկերության հիմնադրումից երկու օր անց:

Հայկ Կոստանյանն այդպես էլ պարզաբանում չմտցրեց այս հակասությունների մեջ։

«Ես կդժվարանամ կոնկրետ հստակ ժամկետներ ասել», - նշեց նա։

«Գրինռոք մենեջմենթ» ընկերության ներկայացրած նախնական նախագծով Օղակաձև զբոսայգում ընդհանուր առմամբ ավելի քան 1300 քառակուսի մետր տարածքի կառուցապատում է նախատեսվում՝ սա չհաշված ամֆիթատրոնը, դրանց թվում՝ երկու սրճարան, արվեստի ցուցասրահ, պահեստ, նվերների խանութ և լաբ: Ինչու և ով է որոշել, որ հանրային այգուն ավելի հարմար են հատկապես այս կառույցները և ոչ թե Երևանի պատմության մաս կազմող թենիսի կորտերը, որ այդտեղ էին դեռ մինչև այգին՝ հայտնի չէ: Քաղաքապետը վերահաստատել է, որ կորտերը կքանդվեն ու այլ վայր կտեղափոխվեն։ Արդյոք հնարավոր չէ այգին վերակառուցել, բայց կորտերը չքանդել:

«Գրինռոք» ընկերությունն, ի դեպ, հայտարարության մեջ նշում է, որ նախագիծը վերջնական չէ և հնարավոր է փոփոխվի: Հայկ Կոստանյանը ճեպազրույցի ընթացքում նշեց. - «Չի կարող մի գոտի համարվի հանրային գերակա շահ, պայմանական մի հատվածը տրվի իքս կազմակերպությանը, իսկ այն մյուս հատվածը, որը համայնքինն է, վարձակալությամբ տրվի մեկ այլ ընկերության։ Այս պահին թենիսի կորտերն են, որ 4.5 հեկտարի մեջ գրեթե մեկ հեկտար թենիսի կորտեր լինելն այդ ընդհանուր տրամաբանությանը խանգարում է»։

Շատ քիչ մանրամասներ են հայտնի նաև, թե ինչ պայմաններով է զբոսայգու տարածքը տրվելու «Գրինռոք մենեջմենթին»: Այժմ տեղում գործող սրճարաններն ու «Արարատ» թենիսի ակումբը վարձակալում են հանրային այգու տարածքը քաղաքապետարանից։ Վարձակալության պայմանագրերը տարբեր ժամկետներով են՝ 20 ից մինչև 99 տարի:

«Գրինռոք մենեջմենթ» ընկերությունը, որին նախատեսվում է առանց մրցույթի տալ այգին վերակառուցելու և կառուցապատելու իրավունք, ևս վարձակալելու է տարածքը։ Թե քանի տարով և ինչ գումարով, Հայկ Կսստանյանը չբացահայտեց: Ասաց՝ «Գրինռոքը» սոցիալական բաղադրիչով ներդրումային ծրագիր է իրականացնում, որը բարեգործական չէ, բիզնես ծրագիր է, և ենթադրվում է, որ ներդրումները՝ մոտ 8.5 միլիոն դոլար, ընկերությունը պետք է հետ բերի:

Որպեսզի «Գրինռոք մենեջմենթը» կարողանա այգին վերակառուցել և կառուցապատել, տարածքը պետք է այլ կառույցներից մաքրվի: Այդ գործընթացի համար վճարելու են հարկատուները:

Հայկ Կոստանյանը վերջերս հրապարակեց մի քանի ռեստորան- սրճարանների անուններ, որոնք բացի թեինիսի կորտերից, պետք է քանդվեն, որպեսզի տարածքը տրվի «Գրինռոք մենեջմենթին» վերակառուցման համար: Դրանց թվում են «Նովելլա», «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» օբյեկտները:

Նրանք թեև տարածքը վարձակալում են, բայց այդ տարածքի վրա ունեն գույք: Այդ գույքի համար քաղաքապետարանը նրանց պետք է փոխհատուցի: Թե որքան է կազմելու փոխհատուցումը, այս հարցի պատասխան էլ, Հայկ Կոստանյանն, ասաց՝ չունեն, բայց մի բան հստակ է. - «Այդ մասով երկու լուծում է, ըստ էության, լինելու՝ կամ կառավարություն, կամ Երևանի քաղաքապետարան»։

Այլ տարածք տեղափոխվել քաղաքապետարանը կառաջարկի միայն թենիսի «Արարատ» ակումբին, թե որտեղ, դարձյալ հայտնի չէ։

Իսկ արդյոք քաղաքապետը չի պատրաստվում ներողություն խնդրել հարցը լուսաբանող լրատվամիջոցներին «դեղին մամուլ» անվանելու, իսկ քննադատողներին ճանճերի հետ համեմատելու համար: Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանից պարզ դարձավ, որ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG