Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունները Հայկ Մարությանի խմբակցության օրակարգում են. Հայկ Գրիգորյան


«Իմ կարծիքով՝ ավագանիում տեղ գտած բոլոր ուժերն էլ այս կամ այն չափով դժգոհ են իրենց կարգավիճակից, լինի դա օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, այսինքն՝ միայն մենք չենք, որ այս իրավիճակը գնահատում ենք որպես կառավարման համար ոչ պիտանի, ու դա ընդունել է հենց «Քաղաքացիական պայմանագիրը»», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Միաժամանակ, խմբակցության ղեկավարը ասաց, որ արտահերթ ընտրություններն իրենց օրակարգում են։ Հենց այս կուսակցության ցուցակն էր Երևանի ընտրություններում առաջնորդում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք ունե՞ք նպատակ, օրինակ, նիստերը տապալելու միջոցով, հատկապես բյուջեն չանցկացնելու միջոցով գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է։

Հայկ Գրիգորյան. - Տեսականորեն դրա հնարավորություն կա, բայց հիմիկվա երկու-երեք ամսվա այս աշխատանքից հետո անձամբ ինձ համար պարզ է, որ քվորում չլինելու պատճառով արտահերթ ընտրությունների գնալը տեսականորեն մի տոկոս է դրա պրակտիկ իրացվելիության աստիճանը, քանի որ «Հանրային ձայնը» հակված չէ այդ գործելաոճը որդեգրելուն։ Նրանք ավելի հակված են դեմ քվեարկելուն։ Այսինքն՝ մեր ուժերը բավարար չեն լինելու դա իրագործելու։

«Ազատություն». - Բայց, դուք ունե՞ք նման օրակարգ, ծրագիր, կամ նույն «Հանրային ձայնի» հետ եղե՞լ են կուլիսային բանակցություններ, որ եկեք բյուջեն տապալենք, գնանք ընտրությունների։

Հայկ Գրիգորյան. - Իմ կարծիքով՝ ավագանիում տեղ գտած բոլոր ուժերն էլ այս կամ այն չափով դժգոհ են իրենց կարգավիճակից, լինի դա օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, այսինքն՝ միայն մենք չենք, որ այս իրավիճակը գնահատում ենք որպես կառավարման համար ոչ պիտանի, ու դա ընդունել է հենց «Քաղաքացիական պայմանագիրը», հենց քաղաքապետը, ու կարծում եմ՝ դա օբյեկտիվ է, որովհետև չունենալ մեծամասնություն, բայց ունենալ քաղաքապետ և թաղապետեր, շատ թույլ է ավագանիում որոշումները անցկացնելոը համար։ Դրա համար էլ ՔՊ-ն ուզած-չուզած որոշակի փուլերում դիմում է նաև «Հանրային ձայնի» աջակցությանը, և դրա համար նրանք կիրառում են տարատեսակ, ինձ համար անհայտ, լծակներ, այդ թվում՝ իրենց հետ համագործակցության մասով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG